Հունվարի 20-ից, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները սկսել են ընդունել երեխաներին, սննդի խնդիրը լուծվել է ուղղակի, ժամանակավոր պայմանագրի ճանապարհով:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի խոսքով՝ հունվարի 20-ին մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները բացվել են, բացի՝ մեկից:

«Դիլիսկա գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի հետ կապված խնդիր կա, ուստի այն դեռ չի բացվել», – ասում է նա:

Ըստ նրա՝ երկու օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի, և այնտեղ նույնպես կվերսկսվի նախադպրոցական հաստատության աշխատանքը:

Մանկապարտեզները պետք է բացվեին հունվարի 15-ին, բայց մանկապարտեզները չէին բացվել սննդամթերքի բացակայության պատճառով:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի, քանի որ տենդերը դեռ չի կայացել, հացի խնդիրը լուծվել է ուղղակի պայմանագրի ճանապարհով:

Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը հայտարարել է մթերքների ձեռքբերման մի քանի տենդեր: Կրկին հայտարարվել է առավել անհրաժեշտ մթերքների՝ հաց, աղ, շաքարավազ, կակաո, թեյ, մակարոնեղեն և կանաչեղեն գնելու տենդերը: Դրա համար մունիցիպալիտետը հատկացրել է 42 784 լարի: Մրցույթը հայտարարվել էր հունվարի 13-ին, իսկ դիմումներն ընդունելու վերջնաժամկետն ավարտվում է այսօր՝ հունվարի 21-ին:

Առաջին անգամ այդ մթերքների գնման տենդերը հայտարարվել էր 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, բայց տենդերը շահած «Նեբա» ՍՊԸ-ն որակազրկվել էր:

Հայտարարվել է կաթնամթերքի գնման համար տենդեր՝ 142 836 լարիի չափով: Արդեն հայտնի է այն ընկերության անվանումը, որը մանկապարտեզներին կտրամադրի կաթնամթերք, դա «Միալե» ՍՊԸ-ն է, այն շահել է տենդերը 133 000 լարիով:

Բանջարեղենի ձեռքբերման համար մունիցիպալիտետը հատկացրել է 58 346 լարի: Անհատ ձեռնարկատեր Շալվա Գորգիձեն տենդերը շահել է 52 987 լարիով:

Կայացել է նաև հավկիթներ գնելու համար տենդերը: Մանկապարտեզների միավորումը ձեռք է բերելու 27 300 հատ ձու: Մրցույթը կրկին շահել է «Նեբա» ՍՊԸ-ն՝ 8097 լարիով: