Ախալքալաքի շրջանի 7-8 գյուղերում գազամատակարարումը դադարեցվել է Բարալեթ գյուղի մոտակայքում գտնվող գլխավոր գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Վթարը վերացնելու աշխատանքների ընթացքում առաջացել են որոշակի դժվարություններ: Գյուղերում գազամատակարարումը դեռ վերականգնված չէ, սակայն, ինչպես խոստացել են SJGC ընկերությունից, այն կվերականգնվի մինչև 18:00-ն:

Երեկ՝ հունվարի 12-ին, Բարալեթ գյուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կենտրոնական գազատարին, որի արդյունքում մունիցիպալիտետի 7-8 գյուղ (Բուղաշեն, Բալխո, Գոման և այլ գյուղեր) մնացել է առանց գազի:

Ըստ SJGC-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի՝ գազամատակարարումը պետք է վերականգնվեր ավելի վաղ, բայց առաջացել են որոշակի բարդություններ:

«Պարզվեց, որ վնասվել էր գազատարի ոչ միայն գետնի վրայի, այլև ստորգետնյա հատվածը: Այժմ փորում են սառած հողը, որպեսզի վթարը վերացնեն: Կարծում եմ, որ գազամատակարարումը մինչև 18:00-ն կվերականգնվի», – ասում է նա: