Վրաստանում երեխաների 69%-ը ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տեղական գրասենյակի, Վրաստանի Ազգային վիճակագրության «Սաքստատ» ծառայության և Հանրային առողջության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Հետազոտությունն իրականացվել է 2018-2019 թվականներին, որն ընդգրկել է ավելի քան 14 հազար տնային տնտեսություն ամբողջ Վրաստանում:

Համաձայն այդ արդյունքների՝ երեխաների 31%-ը երկրում ենթարկվում է ֆիզիկական պատժի: Ծնողները կարող են ծեծել գոտիով կամ ձեռքի ափով: Հեղինակներն ընդգծում են՝ 5% դեպքերում մենք խոսում ենք ծանր ֆիզիկական պատժամիջոցների մասին՝ ապտակներ և ծանր հարվածներ հասցնել երեխայի գլխին, ականջներին և մարմնին:

Ըստ UNICEF-ի, Վրաստանում երեխաների 66%-ը հոգեբանական ագրեսիա է զգում: Մեծերը գոռում են նրանց վրա և վիրավորում՝ օգտագործելով «հիմար» կամ «ծույլ» բառեր:

Ուսումնասիրության մեջ ասվում է, որ ոչ բռնի դաստիարակչական մեթոդները օգտագործում են ծնողների 28%-ը: Միևնույն ժամանակ, մայրերի և կին խնամակալների 8%-ը վստահ է, որ առանց ֆիզիկական պատժի պարզապես անհնար է երեխային պատշաճ կերպով մեծացնել: Արական սեռի խնամակալների համար նույն ցուցանիշը կազմում է ընդամենը 2%:

«Այս տեսակետը պայմանավորված է նաև մոր կամ խնամակալի կրթության մակարդակով, քանի որ երեխաների ֆիզիկական պատժի կողմնակիցների թիվը նվազում է, երբ մեծանում է հարցվողների կրթության մակարդակը», – նշվում է ուսումնասիրության մեջ: