Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տոնական օրվա պատարագիչը՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանն էր:

Սուրբ և Անմահ պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնեց ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն տարան, որպես օրհնություն:

Ավանդաբար Ջրօրհնեքից հետո քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Ջրօրհնեքի արարողության ժամանակ հանդիսավոր կերպով կարդացվում են Ս. Գրային ընթերցումներ, աղոթքներ, եւ, ապա, վերաբերումի ձեւով բերվում է նաեւ սրբալույս Մյուռոնի աղավնին: Պատարագիչ եկեղեցականը կամ հանդիսապետը «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգակցությամբ Ս. Մյուռոնը հեղում է ջրի մեջ, ապա ընկղմված խաչը «Պահպանիչ»-ի ընթացքում հանում, տալիս է խաչի կնքահորը: Արարողությունից հետո հավատացյալները օրհնված ջուրը սրվակների մեջ լցնելով` տանում են իրենց տները:

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում: