Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների շարքում գտնվող Սուրբ Մինաս եկեղեցին օրերե առաջ կրակի բաժին է դարձել։ Վիրահայոց թեմն ահազանգում է:

Սարսափելի վիճակ էր՝ ասում է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը, ով հրդեհի մասին լսել է ու եկեղեցու սպասավորների հետ գնացել եկեղեցի:

«Դիտավորություն, թե՞ անզգուշություն, չենք կարող ասել, բայց եկեղեցու ներսն էր վառվում, փայտեր, ճյուղեր, սարսափելի վիճակում է եկեղեցին, փլատակների վերածված, մարդիկ ներսում լվացք են փռում։ Մենք ցավագին ենք ընկալում նման երևույթները, քանի որ գիտենք՝ մեր եկեղեցին է, սակայն հարցը շտկել չենք կարողանում»։

Սուսաննա Խաչատրյանն ասում է՝ այս ուղղությամբ թեմը երբեք անգործ չի նստել։ Իր խոսքերով ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործել են: Թեմն իր ձայնը բարձրացրել է, նամակներ ուղղել, ոչ միայն Սուրբ Մինասի, այլ մյուս վիճարկելի եկեղեցիների հարցով։ Պատրիարքարանը գտնում է, որ եկեղեցիների պատկանելության հարցը պետք է լուծեն գիտնականները, պետք է հանձնաժողովներ կազմվեն, որոնք եզրակացություն կանեն։

Սուրբ Մինաս եկեղեցին՝ ոչնչացման եզրին

Ըստ Սուսաննա Խաչատրյանի, սակայն, հայկական կողմը եզրակացության ու ապացույցների կարիք չունի։ Եկեղեցու հայկական լինելը միանշանակ է, դա ապացուցված է ոչ միայն հայկական, այլև վրացական աղբյուրների արխիվային նյութերի հիման վրա։

Վիրահայոց թեմի ահազանգից օրեր են անցել, սակայն ոչ մի արդյունք ու արձագանք չկա։ Թեմի մամուլի ու լրատվության պատասխանատուն ասում է, որ սեփական ուժերով արվածն ընդամենը 24 ժամ արդյունք է ունենում։ Մաքրելուց հետո եկեղեցու հարակից տարածքը սեփականաշնորհած հարևանները կրկին աղբով են լցնում։

Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1790 թվականին: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել:

Նյութը վերցված է Ալիք մեդիա լրատվականից: