ՍՊԸ «Ճանապարհաշինարար»-ը հաղթել է Նինոծմինդայի 6 փողոց, «Նորաշեն» միկրոշրջանը, ինչպես նաև 15 գյուղական ճանապարհ ձյունից մաքրելու 2020 թվականի տենդերը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ձնամաքրման տենդերը շահել է ՍՊԸ «Ճանապարհաշինարար»-ը: Ընկերությունը տեղից է, գործում է Նինոծմինդայում: Այդ աշխատանքների համար Նինոծմինդայի մունիցիպալիտետը հատկացրել է 150,000 լարի: Ընկերությունն այն շահել է 149 400 լարիի չափով և եղել է միակ հայտատուն: Ընդհանուր առմամբ, մրցույթով սպասարկվելիք ճանապարհների երկարությունը 98.445 կմ է:

Ըստ մրցութային փաստաթղթերի, ընկերությունն իր պարտավորությունները կատարելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս պահին պատրաստվում է պայմանագիրը:

2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը Ախալքալաքի փողոցները և գյուղական ճանապարհները ձնամաքրելու և ռեագենտ լցնելու համար հատկացրել է 99 998 լարի: Սպասարկվելիք գյուղական ճանապարհների ընդհանուր երկարությունը 174 կմ է: 97,997 լարի չափով տենդերը շահել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա»-ն: