Այսօր քաղաքի մի քանի բնակիչներ, տաքսիստներ և Ախալքալաքի կենտրոնական մասի խանութների սեփականատերերը դիմում են ներկայացրել քաղաքապետարան՝ խնդրանքով, բացել քաղաքի կենտրոնական հրապարակն ավտոմեքենաների համար, քանի որ կենտրոնում երթևեկությունը պարալիզացված է նեղլիկ փողոցների պատճառով:

Դիմումատուների խոսքով՝ կենտրոնական հրապարակը փակ լինելու պատճառով քաղաքի հարակից փողոցներում մշտապես առաջանում են խցանումներ և քաշքշուկներ:

«Ես ինքս խանութներին լավաշ եմ առաքում և անընդհատ ստիպված եմ լինում վիճաբանել կենտրոնում գտնվող վարորդների հետ, որովհետև անընդհատ մեկը մյուսին ստիպված է զիջել, առաջանում են արտակարգ իրավիճակներ, ստիպված ես լինում վիճել և պաշտպանվել: Վերջերս շտապօգնությունն էր լռվել, չէր կարողանում անցնել, իսկ ոչ տեղացիներն ընդհանրապես չեն կարողանում կողմնորոշվել երթևեկության առումով», – ասում է ստորագրողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Ըստ դիմումատուների՝ տարածքը պետք է բացվի կրիտիկական իրավիճակներից խուսափելու համար:

«Այո, մենք հասկանում ենք, որ ամեն ինչ արվում է մեզ համար, մեր երեխաների և գեղեցիկ միջավայր ստեղծելու համար, բայց կենտրոնական փողոցը գրեթե մեկ ամիս փակելն արդեն չափազանց է: Գոնե փակեին միայն 31-ին», – ասում է բնակիչը:

Ստորագրողն ասում է, որ դիմումը ստորագրել են 10-ից 15 հոգի, սակայն քաղաքապետարանից մեզ ասացին, որ ստորագրել է 4 տաքսու վարորդ:

«Այո, մենք ստացել ենք դիմում: Այն ստորագրել են 4 հոգի, ովքեր հանդիսանում են տաքսու վարորդներ», – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Քաղաքապետի խոսքով՝ իրենք չեն կարող տոնածառը տեղափոխել կամ հանել և բացել ճանապարհը:

«4 մարդ դեմ է, իսկ ավելի քան 4000-ը կողմ են, ուստի մենք չենք կարող դա անել», – ասում է նա:

Ըստ նրա, ամենուրեք այդպես են անում, եթե անհրաժեշտ է ինչ-որ տոն նշել:

Ինչպես պարզաբանում է քաղաքապետը, նա հասկանում է, որ մեքենաների երթևեկության համար փոքր-ինչ անհարմարություն է ստեղծվել, բայց հնարավոր է մի քանի օր վարել այլ փողոցներով: