Ալաթուման գյուղի համար նոր ջրագծի կառուցման նախագծի կազմման տենդերը հայտարարվում է արդեն չորրորդ անգամ, որը չի կայանում մասնակիցների բացակայության պատճառով:

Ծրագրի կազմման և նախահաշվարկի համար մունիցիպալիտետը հատկացրել է 750 լարի: Նախագիծը ներառում է 25 000 լարիի աշխատնքներ: Անհրաժեշտ է անցկացնել 2000 մ երկարությամբ նոր ջրագիծ:

Առաջին անգամ նախագծի պատրաստման տենդերը հայտարարվել էր հոկտեմբերի 22-ին, երկրորդ անգամ՝ նոյեմբերի 17-ին, երրորդ անգամ` նոյեմբերի 29-ին, իսկ չորրորդ անգամ հայտարարվեց դեկտեմբերի 12- ին, որի ժամկետը ավարտվեց վերջերս՝ դեկտեմբերի 20- ին և կրկին ոչ ոք չմասնակցեց: Պետական գնումների կայքում բոլոր տենդերներում նշված է «չի կայացել»:

2018-ին Ալաթուման գյուղում կառուցվել էր նոր ջրագիծ, սակայն խողովակների մեջ ջուր չկա, ջուրը գյուղ չի հասնում: Այս շինարարության տենդերը շահել էր ֆիզիկական անձ Գարիկ Զարմարյանը: Շինարարությունից հետո պարզվել էր, որ ջուրը խողովակների միջով չի հոսում: Մունիցիպալիտետը հրաժարվել էր շինարարին վճարել գումարը պատճառաբանելով, որ վերջնական արդյունքին չեն հասել: Շինարարը դա վիճարկել էր դատարանի միջով և ստացել իր գումարը: Մունիցիպալիտետը վճարել էր մոտ 25 հազար լարի:

Պարզվել էր, որ շինարարը մեղավոր չէ, նախագիծն էր սխալ կազմվել: Մեղավորը նախագծողն էր: Այդ մասին վկայում էր նաև փորձագիտական եզրակացությունը:

Եվ ահա, Ախալքալաքի մունիցիպալիտետը նորից է պատվիրում նոր նախագիծ Ալաթումանի նոր ջրագծի համար, սակայն կրկին ոչ ոք չի մասնակցում տենդերին: