Օրեր առաջ նախկին առաջին զինվորական ավանի շենքերից մեկի բնակարանում հրդեհ էր բռնկվել: Բնակարանի սեփականատերը միայնակ կին էր։ Հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն տանտիրուհին մնացել է առանց տանիքի:

Հրդեհն ուժեղ է եղել: Հրշեջ ծառայության փրկարարական ջոկատը շենքի բնակիչներին էվակուացրել է, շքամուտքի պատուհանները ջարդել են, որպեսզի ծուխը դուրս գա: Բնակարանի սեփականատերը Չամդուրա գյուղի հանրային դպրոցի սպորտի ուսուցչուհի՝ Վիկտորիա Յուրևնան է։

Jnews-ի հետ անսպասելի և կարճատև հանդիպման ժամանակ Վիկտորիան մեզ պատմեց տեղի ունեցածի մասին՝ ասելով, որ գնալու է դպրոց, այնուհետև հիվանդանոց։ Մանրամասնները ճշտելու համար մենք գնացինք դպրոց, սպասեցինք, սակայն նա այդպես էլ չեկավ։ Դպրոցի տնօրենը մեզ ասաց, որ իրեն տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։ Մենք ուղևորվեցինք հիվանդանոց, սակայն այնտեղ էլ չէր։ Եղել էր հիվանդանոցում, սակայն գրանցում չէր անցել: Հրդեհի ժամանակ այրվել է նրա ամբողջ ունեցվածքը՝ փաստաթղթերից մինչև վերջին այրվող իրը: Նա հեռախոս էլ չունի, որպեսզի կարողանայինք կապ հաստատել:

Հրդեհից հետո Վիկտորիա Յուրևնան գիշերում է բարեսիրտ մարդկանց տանը, ուր հրավիրում են, այնտեղ էլ քնում է: Այրված տանն անհնար է գիշերել: Մնացել են սևացած պատերն ու Վիկտորիայի համար ամենաթանկ՝ այրված գրքերի ու այն թերթիկների մոխիրը, որոնց վրա նա իր տարիների օրերն է պատմել։

Առանց տանիք մնացած կնոջը դժվար է գտնել կամ աշխատանքի վայրում, կամ քաղաքում։ Նա հիմա բնակվելու տեղ չունի։

Շենքի բնակիչներից մեկը, ով 112 է զանգահարել՝ պատմում է, երբ տանտերը նրան գիշերվա 02:30-03:00-ի սահմաններում դուռը թակելով արթնացրել է, որ տեղեկացնի հրդեհի մասին, բավականին ուշ է եղել:

«Ինքը միայնակ ապրող կին է, ոչ լույս ունի, ոչ գազ։ Մենք առաջարկեցինք, որ հարևաններով նրա լույսի փողը կվճարենք, սակայն նա չհամաձայնեց։ Իր տանը միայն արկղներով գրքեր ուներ։ Դուռը թակեց և բղավեց «սասեդի պաժառ, գառիմ»։ Այդ ժամանակ ուզում էի դուրս գալ շքամուտք, որպեսզի տեսնեմ ինչ է կատարվում, չկարողացա, ծուխն արդեն պատել էր ամբողջ շենքը։ Իմ ննջասենյակի պատուհանից նայեցի, տեսա որ հրդեհն արդեն պատուհանից դուրս է»,- ասաց շենքի բնակիչ, Վիկտորիայի հարևանուհի Գալինա Շիրինյանը։

Գալինան արագ զանգահարել է համապատասխան ծառայություններին, որպեսզի կրակն ավելի չտարածվի: Վերջինս զանգահարել է նաև գազաբաշխիչ ընկերություն, որպեսզի շենքի գազն անջատեն:

«Ահավոր էր վիճակը, խոսքերով հեշտ է նկարագրել, սակայն երբ դուռը բացեցի շմոլ գազն արդեն շքամուտք էր լցվել, անցնել հնարավոր չէր։ Ես իմ բնակարանի խոհանոցի պատուհանից եմ դուրս եկել։ Գնացի դիմավորեցի հրշեջ ծառայության աշխատակիցներին, չգիտեմ կամ նրանք իրոք ուշացան, կամ այդ պահին ամեն վայրկյանը մի ժամ էր թվում»,- պատմում է Գալինան։

Հրդեհը շատ դժվար է մարվել, Նինոծմինդայից հրշեջների երկրորդ խումբ են օգնություն կանչել, որպեսզի կարողանան մարել հրդեհը։ Քանի-որ տանը շատ գրքեր են եղել, ըստ ականատեսների մինչև հանգեցրել են հրդեհը, նորից է բռնկվել։

Հարևանները չգիտեն, թե հրդեհի գիշերը տանտերը որտեղ է գիշերել, փնտրել են, բայց չեն գտել:

«Արդեն առավոտ էր, ժամը վեցն էր։ Ես լավ չէի զգում, քրոջս խնդրեցի, որ կանչի նրան մեր տանը գիշերելու, սակայն քույրս նրան փնտրեց ու չգտավ, չիմացանք, թե վարկյանների ընթացքում ուր գնաց»,- ավելացրեց Գալինան։

Վիկտորիա Յուրևնան ժամանակին եղել է նախկին զինվորական ավանի ռուսական դպրոցի ուսմասվար։

«Նա շատ խելացի կին է, կրթված։ Ժամանակին դպրոցում ուսմասվար է եղել, ինձ էլ, քրոջս էլ դասավանդել է»,- նշեց Գալինան։

Ինչպես նշեցին նրա աշխատակիցները և հարևանուհին, Վիկտորիա Յուրևնան Թբիլիսիում անկողնային հիվանդ ծնողներ ունի և ամբողջ աշխատավարձը մշտապես նրանց էր ուղարկում։

Հարևանները հորդորում են, որպեսզի քաղաքապետարանը ինչ-որ բանով օգնի Վիկտորիային, ինչ-որ տեղ հատկացնի, որպեսզի գիշերելու տեղ ունենա։ Հարևանների խնդրանքն է նաև, Ամանորին ընդառաջ քաղաքապետարանն իրենց շենքի մուտքի ապակիները գոնե տեղադրի։

Այս հարցով Jnews-ը դիմեց Ախալքալաքի Սոցիալական ծառայության ղեկավար Կլիմենտ Չթչյանին։

«Նա եկել էր մեզ մոտ, անձը հաստատող փաստաթուղթ չունի, դիմում գրեց։ Որոշում դեռ չկա, թե ինչպես և ինչքան կօգնենք նրան, մի քանի տարբերակ ենք քննարկում։ Փաստաթուղթ չունենալը խնդիր է, առանց այդ ամենի, հաշվեհամարի գումար չենք կարող փոխանցել»,- ասաց Կլիմենտ Չթչյանը։

Հրդեհի փաստով ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել, հետաքննությունն ընթանում է 187-րդ հոդվածի երկրորդ մասի «Ա» ենթակետով։

Գայանե Ակոջյան