Այսօր, աշխատանքային այցով Թբիլիսիում էր գտնվում Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում էր գտնվում, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հրավերով:

Հայկական պատվիրակությանը դիմավորել է Ներքին գործերի նախարար՝ Գիորգի Մղեբրիշվիլին: Ինչից հետո Հայաստանի ոստիկանապետի անունից ծաղկեպսակ է դրվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված վրաց ոստիկանների հուշակոթողին:

Այնուհետև տեղի է ունեցել Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հանդիպումը ընդլայնված կազմով: Երկու հարևան երկրների իրավապահ կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ համագործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ:

Կողմերը գոհունակություն են հայտնել արդեն ավանդական դարձած գործընկերային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ: Երկուստեք ընդգծել, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ վերջին տարիներին սկզբունքորեն նոր որակի բերված ամենօրյա համատեղ աշխատանքն ամրապնդելու համար:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ: Որոշում է ընդունվել՝ շարունակել ու խորացնել ակտիվ աշխատանքը կոնկրետ ոլորտներում, այդ թվում՝ մի շարք ծառայությունների ներկայացուցիչների փոխայցելությունների միջոցով:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու բարեկամ երկրների ոստիկանական կառույցների գործընկերությունն այսուհետ էլ կշարունակվի իրավապահ ուժերի և կարողությունների փոխշահավետ ինտեգրման ու հանցավորության դեմ համատեղ պայքարի խորացման ավանդական ճանապարհով: