Հարյուրավոր 18-27 տարեկան երիտասարդներ Ախալքալաք քաղաքից, Գումբուրդո, Դադեշ, Կարտիկամ և Սուլդա գյուղերից նոյեմբերի 5-ին անցնելու են զորակոչային հանձնաժողով: Երիտասարդները ջանքեր են թափում զինակոչից ազատվելու, զինվորական հաշվառման ծառայությունը՝ պլանը կատարելու համար:

18 տարին լրացած երիտասարդները ծառայության պետք է անցնեն Վրաստանի Արդարադատության, Ներքին Գործերի և Պաշտպանության նախարարություններում: 2015 թվականի նոյեմբերի 5-ին զինակոչի ենթակա երիտասարդները անցնելու են զինվորական ծառայության նախապատրաստություն:

«Օրինակ. Եթե մեզ վրա պլան է դրված 50 երիտասարդ զինակոչել, մենք ամենաքիչը 300 երիտասարդի զինվորական ծանուցագիր պետք է բաժանենք, քանի որ պետությունը տարբեր լգոտաներ է սահմանել: Արդյունքում 300-ից 50 հազիվ է զորակոչվում բանակ»,- ասաց Ախալքալաքի զինվորական հաշվառման և զինակոչի ծառայության պետ Ռուբիկ Աբաջյանը:

Վերջինս jnews.ge լրատվականի հարցին, թե կոնկրետ այս տարի քանի հոգու է ծանուցագիր բաժանվել և քանիսին պետք է զորակոչեն բանակ, չպատասխանեց պատճառաբանելով՝ «դա պետական գաղտնիք է»:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

Վրաստանի օրենսդրության համաձայն զինվորական ծառայությունից ժամանակավոր ազատվում են ուսանողները, ուսուցիչները, առողջական խնդիր ունեցողները, տան միակ զավակները, թոշակառու ծնողների որդիները, ամուսնացածները, ովքեր մեկ երեխա ունեն՝ երեք տարի, իսկ երկու երեխայի դեպքում առհասարակ չեն զինվորագրվում:

Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատվել նաև պետականորեն սահմանված՝ 2000 լարի գումարի դիմաց: Մուծելով 2000 լարի ծանուցագիր ստացած և ծառայության ենթակա երիտասարդը կարող է 18 ամիս ազատվել զինակոչից: Նույն երիտասարդն ընդամենը երկու անգամ կարող է գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Երիտասարդներին, որոնց զորակոչի ծանուցագիր է բաժանվել՝ չներկայանալու կամ պարզապես ծառայությունից խուսափելու դեպքում պատասխանատվության է կանչում դատարանը: Այս տարի, Ռուբիկ Աբաջյանի խոսքերով, կոնկրետ Ախալքալաքի շրջանային դատարանում է հայտնվել ընդամենը մեկ երիտասարդի գործ: Դատարանը վճիռ է կայացրել ի օգուտ երիտասարդի, քանի որ նա ուսանող է:

Ախալքալաքում շատերը խուսափում են զինվորագրվել բանակ: Զինվորական ծառայության ենթակա երիտասարդների ընտանիքները ամեն հնարավոր միջոցներով փորձում են պարտադիր ծառայությունից ազատել իրենց որդիներին: Մարդիկ կան, նույնիսկ բանկերից վարկ են վերցնում, կամ էլ անասուններն են վաճառում, որպեսզի կարողանան մուծել պետության կողմից սահմանված 2000 լարին:

jnews.ge լրատվականի հետ զրույցի ընթացքում Գումբուրդո գյուղից երկու երիտասարդներ նշեցին, որ արդեն մուծել են գումարը և ազատվել զինվորական ծառայությունից: Նրանք չեն ուզում ծառայել վրացական զինված ուժերում պատճառաբանելով՝ «Վրացերեն չգիտենք: Գնացող եկողները պատմում են, որ վատ է, լավ չեն վերաբերվում»:

Ախալքալաքի զինվորական հաշվառման և զինակոչի ծառայության պետ Ռուբիկ Աբաջյանի խոսքով, եղել է տարի, որ Ախալքալաքի շրջանում մոտավոր 140-150 երիտասարդ մուծել է պետականորեն սահմանված գումարը և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Չնայած այս ամենին, Ախալքալաքը Վրաստանի այն շրջաններից է, որը համարվում է պլանը գերկատարած շրջան: Չի եղել տարի, որ պարտադիր պահանջված թվից քիչ երիտասարդներ զինվորագրվեն Վրաստանի զինված ուժեր: Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանված է մեկ տարի:

Աղունիկ Այվազյան