Ազգային վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է 91.6 լարիով և կազմում է 1 217 լարի:

Համաձայն վիճակագրության՝ աշխատավարձի աճ է նկատվել է գրեթե բոլոր ոլորտներում: Համեմատաբար բարձր աշխատավարձ է գրանցվել հետևյալ ոլորտներում. շինարարություն՝ 2008 լարի (տարեկան աճը՝ 16,4 տոկոս), տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 1 958 լարի (տարեկան աճը՝ 9,7 տոկոս), մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն` 1 936.2 լարի (տարեկան աճը`3,7 տոկոս), ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 1 898,6 լարի (տարեկան աճը՝ 19,4 տոկոս):

2019 թվականի երրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 924 լարի, իսկ տղամարդկանց աշխատավարձը՝ 1 475 լարի: Ըստ գործունեության տեսակի՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում է կանանց աշխատավարձը: