Ախալքալաքի մունիցիպալիտետի Ղադոլար գյուղում կգործի կովերի և խոզերի արհեստական բեղմնավորման միակ շարժական կենտրոնը: Լաբորատորիան պատրաստ է, բայց այն կշահագործվի գարնանը՝ անասունների բեղմնավորման շրջանում:

Այս լաբորատորիան բացում է երիտասարդ անասնաբույժ Արման Հարությունյանը: Նա նախագիծը շահել է Ախալքալաքի Տեղական զարգացման խմբի (LAG) մրցույթում: Նախագիծը կազմում է 32 000 լարի: Այն ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից, ENPARD2 ծրագրի շրջանակներում, 65%-ով, իսկ մնացած 35% -ը ներդրել է նախագծի հեղինակը:

Արման Հարությունյանը կրթությամբ քաղաքագետ է, սակայն հետո նա իր երկրորդ կրթությունը ստացել է անասնաբուժության բնագավառում, քանի որ նրա հայրը անասնաբույժ է, և նրա ընտանիքը հասկանում է, որ այս ոլորտում մասնագետների պահանջարկ կա: Արմանը ցանկանում է Ջավախքի անասնաբուժության ոլորտում զարգացնել նորարարական տեխնոլոգիաները:

Լաբորատորիան սպասարկելու է 33 գյուղ: Արհեստական բեղմնավորման սերմնահեղուկները կստանան Թբիլիսիից և Հայաստանից: Տարածքում այս լաբորատորիայի ի հայտ գալով գյուղացիները հնարավորություն ունեն ընտրելու անասունների սեռը, ինչպես նաև ցեղատեսակը, այսինքն՝ եթե նրանք ցանկանում են, որ կովը շատ կաթ տա, կընտրեն կաթնատու ցեղը, իսկ եթե ուզում են ավելի շատ միս տա, ապա՝ մսատու ցեղատեսակը:

Արման Հարությունյանն ասում է, որ նրանք հոր հետ, այս լաբորատորիան բացում են գյուղացիների խնդրանքով:

Արման Հարությունյանի հայրը՝ Արտաշ Հարությունյանը, 40 տարի է տարածաշրջանում աշխատում է որպես անասնաբույժ:

Արտաշ Հարությունյանն ասում է, որ շրջանում կար նման լաբորատորիա ստեղծելու հրատապ անհրաժեշտություն:

«Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում անասնատեսակների զարգացում չի եղել: Արհեստական բեղմնավորումը կօգնի շատացնել կաթի և տավարի մսի քանակը, իսկ խոզերի մոտ կավելանա խոճկորների քանակը », – ասում է ավագ Հարությունյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գոյություն ունեցող կովերը պատկանում են Կովկասյան մոխրագույն ցեղատեսակին:

«Մեզ մոտ հիմնականում ուզում են կովերի կաթնատու ցեղատեսակները: Եթե այժմ մեր երկրում կովերը տարեկան տալիս են 2000-2200 լիտր կաթ, ապա արհեստական բեղմնավորման դեպքում կաթնատու կովերը կտան մինիմումը 3500 լիտր կաթ: Արհեստական բեղմնավորումը կօգնի լավ արդյունքների հասնել, ինչպես նաև կանխել տարբեր հիվանդություններ: Հիմա մեզ մոտ ընթանում է ազգակցական բեղմնավորում», – ասում է Արտաշ Հարությունյանը:

Լաբորատորիան ունի երկու սառնարան, որտեղ պահվելու են սերմնահեղուկները: Կովերի սերմնահեղուկները -196℃-ում կպահվեն մի քանի տարի: Իսկ խոզերի սերմնահեղուկները կպահվեն + 17 ℃ -ում և առավելագույնը մեկ շաբաթ: Արհեստական բեղմնավորման գինը 60-ից 70 լարի է, երկրորդ փորձը՝ անվճար:

labaratotiya

Արտաշ Հարությունյանը ցավով է նշում, որ այսօր երիտասարդները չեն ուզում ընտրել անասնաբույժի մասնագիտությունը:

«Անասնաբույժի աշխատանքը չի գնահատվում, այդ իսկ պատճառով ոչ ոք չի ցանկանում աշխատել: Մեր բնակչությունը սովոր չէ վճարել անասնաբույժի աշխատանքի համար, բայց սա նրանց գործն ու մասնագիտությունն է: Հետևաբար, երիտասարդների մոտ կարծիք է ձևավորվել, որ անասնաբույժի աշխատանքը պատվաբեր չի և դրանով հնարավոր չէ ընտանիք պահել: Շրջանի բոլոր անասնաբույժներն արդեն տարիքով են », – ասում է Արտաշ Հարությունյանը:

Արման Հարությունյանը երիտասարդ օգնականներ է փնտրում: Նա իրեն ավելի շատ թեորետիկ բժիշկ է համարում, քան պրակտիկ:

Արման Հարությունյանը նաև միակն է, ով առաջին անգամ արհեստական խոզի մայր է բերել Վրաստան՝ բեժանոցի ֆերմերի խնդրանքով: Նա արհեստական մայրը բերել է Չինաստանից, այն պլաստմասսե սարքավորում է, որը ծառայում է խոճկորներին կերակրելու համար:

Արման Հարությունյանը, 2016 թվականին, «Արտադրիր Վրաստանում» ծրագրով շահել էր անասնաբուժական դեղատուն, որը գործում է Ղադոյում և դեղորայքով ապահովում է Ազավրեթ, Բեժանո, Էխտիլա, Տուրցխ, Բուռնաշետ, Ալաթուման, Կաջո, Լոմատուրցխ, Արագվա գյուղերին:

laboratotiya