Այսօրվանից ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում շրջաններում: Առաջինը Վրաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Քութայիսում է: Նախատեսվո՞ւմ է բողոքի ցույց անցկացնել Ախալքալաքում և ե՞րբ՝ պատասխանում են «Միասնական ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ակտիվիստներն Ախալքալաքում:

Ախալքալաքում «Եվրոպական Վրաստանի» տարածաշրջանային կազմակերպության նախագահ Արսեն Կարապետյանը Քութայիսում անցկացվող բողոքի ցույցերին չի գնա՝ մրսածության պատճառով, սակայն նա վստահեցնում է, որ բողոքի ցույց կլինի նաև Ախալքալաքում:

«Հիվանդության պատճառով ես չեմ գնում Քութայիս: Որպես այդպիսին, մոբիլիզացման անհրաժեշտություն չկա, քանի որ Քութայիսում մենք ունենք շատ կողմնակիցներ: Ախալքալաքում, ցույցերն ինքստինքյան կլինեն: Ամենուր կլինի հաջորդական կարգով՝ անհրաժեշտությունից ելնելով, բայց երբ կլինեն ցույցերը, ես չեմ կարող ասել», – ասում է Արսեն Կարապետյանը:

«Ազգային շարժումից» Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Ռաիսյանը գնում է Քութայիս, քանի որ, ըստ նրա, Ախալքալաքում բողոքի ցույցն անակնկալ կլինի իշխանությունների համար:

«Վաղը մենք գնում ենք Քութայիս, բողոքի ցույցերը սկսվում են այնտեղից: Թե երբ Ախալքալաքում ցույց կլինի, ես չեմ խոսի, քանի որ մեզ գաղտնալսում են, և այն մարդիկ, ում հետ մենք կապ ենք հաստատում, հայտնվում են ծանր իրավիճակներում: Նրանց կանչում են «երկնագույն շենք» (Խմբ. Վրաստանի Պետական անվտանգության ծառայություն): Բացի այդ, մեր ցույցերից բացի, ուրիշ ցույցեր էլ կլինեն, ինչպիսին, օրինակ, այսօր, եկան Աբուլ գյուղից: Դա մենք չէինք կազմակերպել, բայց այն գյուղերը, որոնց իշխանությունները խոստացել են ինչ-որ բան անել և չեն արել դա, կգան և իշխանություններից կպահանջեն նրանց իսկ խոստացածը», – ասում է Աշոտ Ռաիսյանը:

Քրիստինե Մարաբյան