Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում նոր ամբուլատորիայի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել են: Սակայն, շենքը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Կարտիկամ գյուղում ամբուլատորիայի շինարարությունը սկսվել էր 2019 թվականի սեպտեմբերի 4-ին: Շինաշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ աշխատանքները կտևեն 2 ամիս:

Սակայն, շինարարները չէին հասցրել ժամանակին ավարտել և խնդրել էին երկարաձգել պայմանագրի ժամկետը:

Գյուղի կենտրոնում՝ Մշակույթի տան հարևանությամբ է կառուցվել նոր ամբուլատորիան: Շինարարության տենդերը շահել է թբիլիսյան «Օվալ» ՍՊԸ-ն՝ 81 000 լարիի չափով:

Ընկերության ներկայացուցչի խոսքով, պայմանագրի վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի վերջն է:

Այս պահի դրությամբ շենքն արդեն կառուցված է, մնացել են որոշ ներքին աշխատանքներ՝ ձևափոխում, ներկում …

Ըստ «Օվալ» ընկերության ներկայացուցչի, մասնագետները խնդրել են դադարեցնել աշխատանքները, քանի որ արդեն ցուրտ է:

«Մենք կարող ենք ավարտին հասցնել այս տարի էլ, սակայն որակյալ կատարելու համար պետք է շարունակել հաջորդ տարի, երբ եղանակը մի փոքր տաքանա», – ասում է «Օվալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր ամբուլատոր կլինիկաներ են կառուցվում՝ Զակ, Չամդուրա, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում: Բարալեթ, Դիլիսկա, Ազավրեթ, Արագվա, Ալաստան և Կումուրդո գյուղերում նորոգվում են արդեն առկա շենքերը:

Չորս գյուղերում նոր ամբուլատորիա կառուցելու համար հատկացվել է 360 000 լարի, իսկ վեց գյուղերում վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 250 000 լարի, ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 610 000 լարի:

Ախալքալաքի շրջանում ընդամենը 3 ամբուլատորիա է գործում, մնացածը գործում են մասնավոր տներում, ինչը օրենքով արգելված է:

Ըստ Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի, մեր տարածաշրջանում պետք է լինի առնվազն 62 ամբուլատորիա, այնուամենայնիվ, ներկայիս վիճակագրությունը մտահոգիչ է: Նա ուրախ է, որ Ախալքալաքի որոշ գյուղերում վերջապես կհայտնվեն նորմալ ամբուլատորիաներ:

Բրատիսլավ Իգիթխանյան