Վրաստանի առողջապահության նախարարությունը տուգանել է վեց կլինիկա՝ 600 հազար լարիով (ավելի քան 200 հազար դոլար), կեսարյան հատումների քանակի ավելացման պատճառով: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:

Վրաստանում, 2017 թ.-ի մարտի 1-ից կլինիկաների համար կեսարյան հատումով ծննդաբերությունների առումով սահման կարգվեց: Մեկ տարվա ընթացքում կեսարյան հատում թույլատրվում է միայն ընդունված ծննդաբերությունների ընդհանուր թվի 40%-ի դեպքում: Այն հիվանդանոցները, որոնք գերազանցում են այդ ցուցանիշը, տուգանվում են:

Միևնույն ժամանակ, կառավարությունը կլինիկաների համար մշակել է հրահանգակներ, որոնց համաձայն բժիշկը պարտավոր է ծննդկանին տեղեկացնել նման տեսակի վիրահատության հետ կապված ռիսկերի և բարդությունների հնարավորության մասին:

2019 թվականին, Համաշխարհային առողջապահական ծրագրի շրջանակներում կեսարյան հատումների քանակի աճի պատճառով տուգանվել են հետևյալ բժշկական հաստատությունները.

. Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկան՝ 49,8 հազար լարիով,
. Բաթումիի Իաշվիլիի անվան Մոր և երեխայի կենտրոնական հոսպիտալը՝ 149,7 հազար լարիով,
· «Էմբրիո»–ն՝ 111,9 հազար լարիով,
· Լերի Խոնելիձեի կլինիկան՝ 115,8 հազար լարիով,
· Քութայիսի №2 նորաբաց ծննդատունը՝ 99,9 հազար լարիով,
· Քութայիսի №3 ծննդատունը՝ 49,5 հազար լարիով,
· Բացի այդ, Քութայիսիի №3 ծննդատան մանկաբարձության և գինեկոլոգիայի կարգավիճակը կասեցվել է:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր Վրաստանում կեսարյան հատումով ծնելիության մասնաբաժինն աճել է 4,3%-ով և արդեն 2017 թ.-ին այն կազմել է Վրաստանում ընդունված ծննդաբերությունների 44.7%-ը:

2018 թ.-ին սահմանափակումներ մտցնելուց հետո կեսարյան հատումների տոկոսը նվազել է գրեթե 3%-ով և կազմել 41.6%:

Վրաստանում կեսարյան հատումների քանակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականից երեք անգամ ավելի է:

Տարածաշրջաններում ամենամեծ ցուցանիշը Սամեգրելո-Զեմո Սվանեթիում է (51%), որին հաջորդում են Իմերեթին (41%), Աջարիան (40%), Կախեթին (38,5%) և Թբիլիսին (37,5%):

Վրաստանի Առողջապահության համընդհանուր ծրագիրը ֆինանսավորում է ֆիզիոլոգիական ծննդաբերությունները 500 լարիի չափով (գրեթե 170 ԱՄՆ դոլար), իսկ կեսարյան հատումը՝ 800 լարիով (գրեթե 270 ԱՄՆ դոլար): Եթե կեսարյան հատումն արվում է ոչ թե բժշկական ցուցումներով, այլ ծննդաբերող կնոջ պահանջով, պետությունը վճարում է ոչ թե 800, այլ 500 լարի:

Կեսարյան հատում թե ֆիզիոլոգիական ծննդաբերություն

Առողջապահության գործող, բայց անհայտ ծրագրերը