Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը և Պետական գույքի ազգային գործակալությունն աճուրդի է հանում պետական հաշվեկշռում հաշվառված 100 օբյեկտ: Այս մասին նոյեմբերի 28-ին հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավա՝ կառավարության նիստից հետո:

Պետական օբյեկտների սեփականաշնորհման մասին հայտարարել էր վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա կարծիքով, դա կամրապնդի երկրի տնտեսությունը: Իր հերթին, Թուրնավան նշել է, որ աճուրդը կնպաստի ամրապնդել վրացական ազգային արժույթը` լարին:

«Վրաստանում զուգահեռ այսքան աճուրդներ երբեք չեն անցկացվել: Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 150 միլիոն լարիի (մոտ 50,6 միլիոն դոլար) գույքի առաջարկի մասին: Բիզնեսը կկարողանա շատ հեշտությամբ տեղեկատվություն ստանալ սեփականաշնորհման գույքի վերաբերյալ, որը տեղադրվելու է պետական գույքի գործակալության կայքում և կմիանա սեփականաշնորհման գործընթացին», – ասել է Թուրնավան:

Սեփականաշնորհման ենթակա հանրային օբյեկտների ցուցակը հայտնի կդառնա այսօր: Ըստ նախնական տեղեկությունների, դրանում չկան ռազմավարական օբյեկտներ, սակայն կան ձեռնարկություններ, որոնք սպառել են իրենց գործառույթները:

Յուրաքանչյուր օբյեկտ կունենա իր սեփական մանրամասն նկարագրությունը և օգտագործման կանոնների վերաբերյալ առաջարկություններ՝ ապագա սեփականատերերի համար:

Կարևոր է, որ օբյեկտների զարգացումը հաշվի է առնված այն քաղաքների կամ տարածքների զարգացման ծրագրերում, որոնց տարածքում դրանք գտնվում են: Նաև հստակեցված են գույքի գնահատման և գրանցման հետ կապված բոլոր իրավական հարցերը, օբյեկտի սահմանների հստակեցմամբ և այլն:

Աճուրդները կսկսվեն առաջիկա ամիսներին և կանցկացվեն պարբերաբար: