Ախալքալաք քաղաքում արդեն երկու տարի է գործում է վճարովի ավտոկայանատեղի, սակայն շատ քչերն են դրանից օգտվում։ Ավտոկայանատեղին դատարկ է, իսկ փողոցներն ու մայթերը անանցանելի մեծաթիվ մեքենաների պատճառով։

Քաղաքի փողոցներում մեքենաների քանակն ավելանում է սկսած հոկտեմբեր-նոյեմբերի ամսից, երբ Ռուսաստանից՝ արտագնա աշխատանքից հետ են վերադառնում տղամարդիկ։ Մայթերն անանցանելի են դառնում, քանի որ վարորդները կայանում են մայթերին, իսկ հետիոտնը ստիպված փողոցի մեջտեղով է քայլում: Իրավիճակն առավել բարդ է Նալբանդյան փողոցում։

Քաղաքաի միակ ավտոկայանատեղիի պատասխանատուն ասում է, որ կան վարորդներ, որոնք օգտվում են իրենց կայանատեղիից, սակայն նրանց թիվը մեծ չէ:

«Չորս օրվա ընթացքում մի անգամ են կայանել 20 և 29 մեքենա, օրվա ընթացքում հիմնականում կայանում են 4 կամ 5 մեքենա։ Հիմա այս երկու ամիսներին արդեն շատանում են, դա պայմանավորված է նրանով, որ տղամարդիկ վերադառնում են Ռուսաստանից և մեքենաները դուրս են հանում։ Իսկ հունիս-հուլիս ամիսներին ընդամենը 1 կամ 2 մեքենա է կայանում։ Այնպես ենք արել, որ տեղը շատ հարմար լինի, շուկային մոտ է, բայց մարդիկ չեն գալիս, սովոր են դրսում՝ մայթերին կայանել: Ժողովուրդը բողոքում է, որ քայլելու տեղ չկա»,- ասում է քաղաքի միակ ավտոկայանատեղիի պատասխանատու Լիպարիտ Խաչատուրյանը։

Վերջինս ավելացնում է, որ Ռուսթավելի փողոցի վրա մի տեղ կա, որտեղ ժամերով գրված է, որ առավոտյան ժամը 09։00-ից երեկոյան ժամը 18։00-ը չի կարելի կայանել, բայց բոլորը կայանում են։

«Այդտեղ բնակելի տուն կա, մարդիկ հոգնել են և ստիպված տունն են վաճառում։ Չնայած այն հանգամանքին, որ սխալ կայանման համար տուգանքի չափն ավելացել է, բայց միևնույնն է մարդիկ սխալ են կայանում»,- նշում է Լիպարիտ Խաչատուրյանը։

Ավտոկայանատեղին բավականին մեծ է, այնտեղ միաժամանակ կարող են կայանել մինչև 30 մեքենա։ Ավտոկայանատեղին բացվում է առավոտյան ժամը 08։30-ից մինչև երեկոյան 18։00-ը։ Ամբողջ օրը կայանելն արժե 1 լարի։

Քաղաքում գերծանրաբեռնված երթևեկը կարգավորելու համար Ախալքալաքի քաղաքապետարանը կենտրոնական փողոցների որոշ հատվածներ, որոնք միանում են շուկային, ինչպես նաև Նալբանդյան փողոցի կենտրոնական հատվածը դարձնել է միակողմանի:

Նալբանդյան փողոցի սկզբնամասը` Աշուղ Հավասու փողոցից մինչև Չարենց փողոցի խաչմերուկը՝ երթևեկությունը կդառնա միակողմանի: Փողոցների կից հատվածները նույնպես միակողմանի են դառնում: Այսպիսով, Նալբանդյան փողոցում, Թելման փողոցի խաչմերուկում, արգելվում է դեպի ձախ: Իսկ Միկոյան փողոցի խաչմերուկում արգելվում է երթեւեկությունը դեպի աջ: Նալբանդյան փողոցում, Ռուսթավելիի փողոցի խաչմերուկում արգելվում է երթեւեկությունը դեպի ձախ: Ճավճավաձեի փողոցի խաչմերուկում արգելվում է շարժվել դեպի աջ: Նալբանդյան փողոցով, Չարենց փողոցի խաչմերուկում կհայտնվի «Միակողմանի երթեւեկությամբ ճանապարհի ավարտ» ճանապարհային նշանը:

Ներկա դրությամբ աշխատանքներ են իրականացվում Ախալքալաքի կենտրոնում ճանապարհային երթևեկի կարգավորման նախագծի ստեղծման ուղղությամբ: Նախագծի ստեղծման տենդեր-մրցույթը՝ 1271 լարիով հաղթել է Ռաֆայել Ռաիսյանը:

«Տենդերը հայտարարված է, կա հաղթող։ Ամեն ինչ պատրաստ է։ Սակայն շինարարական աշխատանքների իրականացման տենդերը դեռ հայտարարված չէ, քանի որ մենք գումարի խնդիր ունենք։ Եթե այս տարի չկարողանանք, ապա մյուս տարի, մոտավոր հունվար-փետրվար ամիսներին կլինի անպայման», – Jnews-ին հայտնեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Գայանե Ակոջյան