Արագվա գյուղի ամենատարեց մարդը՝ Ցոլակ Ունանյանը չորս երեխա ունի, սակայն ապրում է միայնակ:
Լուսավոր նախասենյակում ամենուր խնամքով դասավորված է այգուց նոր հավաքած բանջարեղենը: Գույնզգույն, ախորժալի պտուղները խոսում են տան տիրոջ մասին:

Ջավախքի Արագվա գյուղի բնակիչ, մեծ Հայրենական պատերազմի մասնակից՝ Ցոլակ Ունանյանը մեկ տարի փորձել է Ռուսաստանում, որդու ընտանիքի հետ ապրել: Սակայն չի կարողացել հարմարվել այնտեղի միջավայրին և վերադարձել է հայրենի գյուղ:

Colakpap

«Էնտեղ հեչ լավ չէր, հարմար չէր, պատուհանը բացում էի, որ մաքուր օդը ներս գար, կեղտոտ օդ էր գալիս, ըսի լավ է երթամ: Ամբողջ օրը չորս պատերի մեջ նստած ես, դուրս ես գալիս ամեն ինչ օտար է: Կարոտում ես քո ձեռքով կառուցած տանը, այն տանը որտեղ կյանքի մեծ մասն ես անցկացրել, լավ ու վատ օրերդ»,- պատմում է Ցոլակ Ունանյանը:

Colak Unanyan aragova

7 տարի է Ցոլակ պապը միայնակ է վարում իր տնտեսությունը: Իր այգում աճեցնում է գրեթե ամեն ինչ. արևածաղիկ, պոմիդոր, վարունգ, բիբար, սոխ, սխտոր, տակ, կարտոֆիլ, դդում…

Փայտյա աստիճաններով բարձրանում է դեպի դուռը: Երիտասարդի աշխուժությամբ պատուհանի գոքից վերցնում է տան բանալիները և ժպիտը դեմքին մատնացույց անում. «Եթե գաս ու տանը չլինեմ բանալու տեղն իմացի»:

Colak Unanyann

Փայտյա հնամաշ դռնով ներս ենք մտնում: 90-ամյա ծերունին քթի տակ ասում է. «Հեշտ չէ, դժվար է, Աստծո տված է ինչ էնեմ, բիրադիսա մենակ ենք»:

Ժամանակին Ցոլակ Ունանյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, գյուղում աշխատել է ֆերմայի վարիչ, 4 երեխաներին ուսման է ուղարկել, ամուսնացրել…

Colak papi

Ընդարձակ տան սենյակները մի տեսակ խորթ են, հիշողություններ են արթնացնում ծերունու մոտ: Առաջվա նման իր և կնոջ անկողինները իրար կողքի են դրված, սակայն կնոջ անկողինը 7 տարի է փակ է: Սենյակի իրերի դասավորվածությունը նույնն է, ինչպես կինն է դրել:

Colakk

Միայնությունը չի հաղթել Ցոլակ պապին, նա ամեն տարի նպատակ է դնում լավ բերք ստանալու և հասնում դրան: Բացի դրանից նա տեղյակ է աշխարհի անցուդարձից, ամեն օր հեռուստացույցով լուրեր է նայում և գյուղամեջի հավաքատեղիում քննարկում: Հավաքատեղին Ցոլակ պապը կատակով «ծերանոց» է անվանում, քանի որ այնտեղ են հավաքվում գյուղի տարեցները:

Աղունիկ Այվազյան