«Մեր գործն իրենք են անում, իրենք են շրջափակել շենքը», – ասում է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ՝ Արսեն Կարապետյանը: Նա խոստանում է «կողպել» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի բյուրոյի դուռը՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում։

Արդեն երկու օր է ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ախալքալաքի քաղաքապետարանում: Տեղում մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել:

Jnews-ը փորձեց «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության Ախալքալաքի ներկայացուցչից ճշտել, արդյո՞ք պատրաստվում են մտնել Ախալքալաքի քաղաքապետարան և ե՞րբ:

«Անպայման, քանի որ մեզ լսում են, դրա համար կարող է մի քիչ հետո, կարող է վաղն առավոտյան, կարող է այսօր երեկոյան: Մեր գործն իրենք են անում, իրենք են բլոկադա արել շենքը, ինչ որ մենք պետք է անենք, իրենք են անում: Ամբողջ շրջանի ուժային կառույցները պաշտպանում են պատգամավորի կաբինետը: Ինչքանով արժե այսպես իշխանություն պահել, ես չգիտեմ, թե ինչքան այսպես կդիմանան չեմ կարող ասել: Այսօր եղել եմ Նինոծմինդայում, այնտեղ էլ նույն պատմությունն է, բոլոր բյուջետնիկները հավաքվել են, մի կաբինետի սովորական պահակ են դարձել: Յուրաքանչյուր պահի կարող ենք ներս մտնել, նկարներն էլ, կողպեքն էլ մեքենայիս մեջ է: Նինոծմինդայի ակտիվիստներն էլ պատրաստ են: Քանի իրենք են անում մեր գործը, թող անեն, կհոգնեն հետո մենք կշարունակենք», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արսեն Կարապետյանը:

Վրաստանի միավորված ընդդիմության ու քաղաքացիական ակտիվիստները համատեղ բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք կողպեքներ են կախում Խորհրդարանի ու կառավարության մուտքերի մոտ՝ ի նշան օրենսդիր ու գործադիր կառույցների անգործության։