Jnews-ն իր ընթերցողին է ներկայացնում լրագրող Գայանե Ակոջյանի օրագրից մի հատված: «Երբ կանչում են արմատները՝ Անի» վերտառությամբ գրվածքում լրագրողը ներկայացնում է իր ապրումներն ու տեսած իրողություններն Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ժամանակ:

Ինքնության հետքերով

Կարծախ գյուղի վերջնամասից երևում է թուրքական դրոշն ամրացված հայկական հողին։ Գնում ենք Անի, առաջին անգամ տեսնելու այն, ինչը դարեր ի վեր հայինն է եղել, մերն է եղել, իմն է եղել…

Ախալքալաքից ընդամենը 185 կմ է պահանջվում Անի հասնելու համար։

Մեր մոտից հիմա շատերն են գնում Արևմտյան Հայաստան, հիմնականում առևտրի համար հասնում են մինչև Ղարս քաղաք, սակայն քիչ չեն նաև այն մարդկանց քանակը, ովքեր ցանկանում են տեսնել իրենց պապերի էրգիրը։

Մեքենայով ճամփա ընկանք, երբ դեռ բոլորը քնած էին… Էրգրի ճանապարհը բարդ էր՝ ծանրացած մտքեր, հիշողություններ, Արևմտյան Հայաստանի, ցեղասպանության մասին երբևէ լսած պատմություններ, գենետիկ հիշողություն, որ կարող է ամենաանսպասելի պահին արթնանալ ու չքնել: Գնում ենք Անին ու Ղարսը տեսնելու։

Հասանք վրաց-թուրքական սահման, երեխաս ամուր գրկած մոտենում եմ սահմանապահին, հետս էր նաև եղբայրս, ով թուրքերեն գիտի։ Սահմանապահը քննող հայացքով նայեց մեզ, պահանջեց անձնագրերս, վերցնելով կարդաց անուն ազգանուններս և թուրքերենով հարցրեց՝ «ու՞ր եք գնում», եղբայրս թուրքերոնով պատասխանեց, որ գնում ենք Անին, Էրզրումը տեսնելու։

Սահմանապահը նայեց իր ընկերներին և սկսեցին թուրքերենով խոսել պատմությունից։

Եղբորս հայացքում զայրույթ եմ նկատում, հարցնում եմ՝ ինչ են խոսում։

Եղբայս թարգմանում է՝ «Գիտե՛ք չէ, մեր նախնիները հայերին իրենց տների մեջ վառել են, լեզուները կտրել»։

Այս ամենը լսելուց հետո արագ վերցնում եմ անձնագրերս, որպեսզի շարունակենք դեպի էրգիր տանող ճանապարհը։ Ոտքով հատելու բավականին երկար տարածք կա սահմանին: Ամբողջ ճանապարհին նրանց խոսքերն է պտտվում գլխումս և կարծես կինոժապավենի նման, աչքերիս դիմաց անցնում ազգիս պատմությունը, միլիոն ու կես զոհը։

Սահմանը հատելիս առաջինը ցուցատախտակին կարդում ենք՝ Արդահան-Ղարս։ Շարունակում ենք ճանապարհը, մեր դիմաց բացվում է անծայրածիր, քարքարոտ տարածքներ, էրգրի հորիզոնը:

Հեռվում նշմարվում է Անիի միջնադարյան պարիսպները, զարմանալի է, բայց հոգնած չենք այդքան ճանապարհից:

Anii parispner

Երբեմնի հազար ու մի եկեղեցիների քաղաքը և 10-11-րդ դարերի հայոց հզոր մայրաքաղաքը այսօր էլ այցելուներին դիմավորում է իր Աշոտաշեն հզոր պարիսպներով: Խոսքերով դժվար է նկարագրել: Միջնադարյան կիսավեր պարիսպները, կիսաքանդ եկեղեցիներն ու մնացած կառույցները լուռ վկայությունն են երբեմնի մայրաքաղաքի զարգացվածության մասին:

Անին, ավերված միջնադարյան բերդաքաղաք է այժմ Թուրքիայում։ Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։

Բերդաքաղաք մտնելու համար պետք է վճարել 12 լիրա։ Սկզբում զարմանում ենք, հետո հասկանում` հայկական կոթողները զբոսաշրջիկների հսկայական հոսքեր են ապահովում աշխարհի տարբեր անկյուններից:

Toms Ani

Այստեղ տպավորիչ է յուրաքանչյուր քար, որի հետ ակամա հաղորդակցվում ես, արագ լուսանկարում ես, հանկարծ բան բաց չթողնես, ներսումդ պաշարում ես ապրումներ, որ հետո անկարող պիտի լինես վերարտադրել:

Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ իր հոյակերտ որմնանկարներով, որ դարեր անց, թեկուզև, փոքր-ինչ խամրած, սակայն պատմում է մեր՝ հայերիս մասին։

vormnankarner

Տաճարը, որն աշխարհասփյուռ հայերիս համար սրբություն է, թուրքերի ու քրդերի համար վերածվել է սոսկ արոտավայրի: Եկեղեցու բակում արածող կովերին, զայրացած քշում ենք, քշում ենք ու քշում, հանկարծ մի պահ կանգ առնում. հասկանալով, որ ոչինչ չենք կարող փոխել, մեզանից հետո ո՞վ է քշելու…

Anii ekegheu bakum kover

Անիում հանդիպում ենք սիրիահայերի, ովքեր հիացմունքով վայելում էին ամեն մի քարը։ Այո, Անիում եղած ամեն պահը պետք էր վայելել, պետք էր նաև հպարտանալ, որ հայ մարդու մշակույթը այդքան զրկանք կրելուց հետո էլ «կանգուն» է։

Anii Surb Grigor Lusavorich

Բերդաքաղաքում բոլոր տաճարները կիսաքանդ են: Երկաթե կոնստրուկցիաները վկայում են` թուրքական իշխանությունները կոթողը վերականգնում են:

Յուրաքանչյուր տաճարից հանված քար պահվում է հատուկ ծածկի տակ, որպեսզի օգտագործվի շինության վերականգնման ընթացքում։

ekeghecu qarer

Anii Surb prkich

Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կեսն է պահպանվել:

Anii Mayr tachar
Երկաթապատ Անիի Մայր տաճարն է:

Չգիտեմ, չեմ կարող ասել, թե վերանորոգումից հետո ինչ տեսք կունենան այս կոթողները, բայց ներքին ձայնս հուշում է՝  ոչ մի տաճարի գմբեթին խաչ չի լինելու, ինչպես, որ հիմա չկա։

Ani gmbet

Հոնենցի կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ իր կիսատված գմբեթով:

Anii zinanshany

Անիի պարիսպներին բագրատունիների զինանշանն է:

Պոռթկում ես, սարսուռ ապրում, երբ կանգնում ես Անիի պատերի տակ, իսկ  հեռվում ծածանվում է եռագույնը։ Նայում ես ու ինքդ քեզ հարց տալիս, ի՞նչ կլիներ, եթե չլիներ այդ չարաբաստիկ 1915 թվականը։ Հայը կմնար իր հողի վրա, հայը չէր տեսնի իր երկիրը երկու մասի բաժանող հայոց գետը՝ Ախուրյանը։

Akhuryan gety

Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։

Anii Gagikasheni parispner
Գրիգոր Լուսավորչի (Գագկաշեն) զվարթնոցատիպ տաճարն է:

Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն: Անիի ճարտարապետության դպրոցը, ձևավորվելով X դարում, որոշակի հետք է թողել նաև եվրոպական և այլ երկրների ճարտարապետության վրա: X դարի վերջին – XI դարի սկզբին ճարտարապետ Տրդատը կառուցել է Մայր տաճարը և Գագկաշենը, որտեղ նրա մշակած սկզբունքները պահպանվել և կիրառվել են նաև XII–XIV դարերում:

Anii Abughamrens Srb. Grigor Lusavorich ekegheci
Աբուղամրենց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:

IX–XIII դարերում Անին նաև գիտության կենտրոն էր՝ բազմաթիվ դպրոցներով, գրչատներով: Անիի հռչակավոր բարձրագույն դպրոցում (XI–XIII դարեր) տարբեր ժամանակներում դասավանդել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Մխիթար Անեցին և ուրիշներ: Անիի մանրանկարչության դպրոցը գործել է մշակութային աշխույժ միջավայրում. այստեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագիր մատյաններ: Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին տասնամյակներին: Մեզ են հասել Հովհաննեսի 3 ձեռագրերը, Մարգարեի նկարազարդած «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցու «Բագնայրի Ավետարանը» (1232 թ.) և այլն:

Mzkit

Հեռվում երևացողը՝ Մանուչեի մզկիթն է: 

Բերդաքաղաքում եկեղեցիների կողքին կառուցել են մզկիթ:Մզկիթը Անիում կառուցել է Անիի ամիրա Մանուչե Շադդադյանը (1072 – 1118), որով բարեկամական հարաբերություններ հաստատելով քաղաքի հայ բնակիչների հետ՝ վերանորոգել է Սմբատաշեն պարիսպները և կառուցել մզկիթի մինարեն, իսկ կից հիմնական շենքը եղել է դատարան, կամ կաթողիկոսի պալատ։

Անիի բոլոր կառույցները վերարտադրում են 7-րդ դարի հանրահայտ կոմպոզիցիաները. Անիի Մայր տաճարը, գմբեթավոր բազիլիկից խաչակենտրոնագմբեթի անցնելու տարբերակ է, Առաքելոց եկեղեցին՝ քառաբսիդ կենտրոնագմբեթ, Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն)՝ զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցին, Հովվի եկեղեցին՝ բազմաբսիդ և այլն։

Վերոնշյալից մնացել են ավերակներ և լոկ պատմություն։ Սակայն յուրաքանչյուր հայի համար կարևոր է գոնե մեկ անգամ էրգիր գնալ, զգալ արմատները, ինքնությունը…

Մեր ուխտագնացությունն Արևմտյան Հայաստան սկսվում ու ավարտվում է Անիով: Չգրել Անիում զգացածի ու ապրածի մասին անհնար էր, բայց գրելն էր հեշտ չէր: Ժամանակ էր հարկավոր նախ տպավորություններդ վերապրելու և թղթին հանձնելու: Եվ միայն գրելուց ես հասկանում, որ բառերն անզոր են  պատմելու ազգիդ, ինքնությանդ, տեսակիդ մասին:

Գայանե Ակոջյան