Վրաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի ազգային գործակալության ստուգումներից հետո Վրաստանի տարբեր շրջաններում փակվել է 45 սննդի օբյեկտ: Այս մասին այսօր հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ պետական ստուգատեսության ընթացքում, մասնագետները հայտնաբերել են կրիտիկական անհամապատասխանություններ: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում գերատեսչության աշխատակիցներն իրականացրել են 229 ստուգատեսություն և բիզնես-օպերատորների փաստաթղթերի 976 ստուգատեսում: Խոսքը վերաբերում է ինչպես սրճարան-բարերին, այնպես էլ ռեստորաններին, մանկապարտեզներում, դպրոցներում և գիշերօթիկ հաստատություններում սննդի կետերին:

«Հայտնաբերված կրիտիկական անհամապատասխանությունների պատճառով տուգանվել են 45 բիզնես-օպերատոր, նրանց արտադրության գործընթացը դադարեցվել է», – ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Ինչպես նշվում է, «առանձնապես ծանր իրավիճակ» է նկատվել Աջարիայի, Քվեմո-Քարթլիի, Գուրիայի և Սամցխե-Ջավախքի գիշերօթիկ դպրոցների սննդի կետերում: Այստեղ մասնագետները հայտնաբերել են անհայտ ծագման միս:

«Գործակալությունը ձեռնարկել է օրենքով նախատեսված միջոցառումները: Ապրանքները կնիքվել են, այնուհետև ոչնչացվել են Սննդի ազգային գործակալության վերահսկողության ներքո», – ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը հավելել է, որ որոշ բիզնես-օպերատորներ հաշվի են առել մասնագետների նախազգուշացումները: Սննդի օբյեկտները, որտեղ վերացվել են բոլոր խախտումները, կարողացել են վերսկսել արտադրական գործընթացը: