Թիվ 2 և թիվ 3 մանկապարտեզները փակ են վերանորոգման նպատակով, թիվ մեկ մանկապարտեզում կրթական պրոցեսը շարունակվում է վերանորոգմանը զուգահեռ: Ախալքալաքի մունիցիպածիտետը 190 331 լարի է հատկացրել Ախալքալաքում երեք մանկապարտեզների վերանորոգման համար:

Ախալքալաքի երեք մանկապարտեզների վերանորոգման տենդերները հայտարարվել էին 2019 թվականի հոկտեմբեր ամսին:

detsad

Թիվ 1 մանկապարտեզում, ըստ նախագծի, պետք է վերանորոգվեն սանհանգույցը, դահլիճի առաստաղը, ինչպես նաև բարեկարգվի բակը: Վերանորոգման համար մունիցիպալիտետը հատկացրել է 12 524 լարի: Տենդերը շահել էր ՍՊԸ “Վեն” ընկերությունը, սակայն, այն որակազրկվել է, և աշխատանքները փոխանցվել են անհատ ձեռներեց Վարդ Մկոյանին: Պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 1-ին, դրա վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է, իսկ աշխատանքների ավարտման վերջնաժամկետը` նոյեմբերի 26-ը:

Թիվ 1 մանկապարտեզի մենեջեր Լեյլա Գալուստյանը գոհ է շինարարների աշխատանքից և հույս ունի, որ մինչև ամսվա վերջ ամբողջ աշխատանքը կավարտվի:

«Երկու շաբաթ է աշխատում են, դահլիճի առաստաղն այսօր ավարտեցին, դահլիճն արդեն կունենա նոր լուսավորություն, բակը բարեկարգվել է, զուգարանի վերանորոգումը շարունակվում է: Մենք ընդունել ենք երկու մանկապարտեզների այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, թիվ 2 մանկապարտեզից` 5 երեխա և թիվ 3 մանկապարտեզից՝ 20 երեխա: Իմ սաները 104 -ն են, մեր մանկավարժների համար շատ դժվար է աշխատել այդքան երեխայի հետ», – ասում է Լեյլա Գալուստյանը:

detsad1

Թիվ 2 մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է 88 894 լարի: Տենդերը շահել է “New Project” ընկերությունը 74,000 լարիի չափով: Պայմանագրի վերջնաժամկետը հունվարի 31-ն է, իսկ աշխատանքներինը՝ դեկտեմբերի 1-ը: Մանկապարտեզում գործում է 6 խումբ՝ հայկական, վրացական և ռուսական:

Թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է 74 900 լարի: Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Լևոն Քերոբյանը: Մանկապարտեզում կա 6 խումբ, շուրջ 186 երեխա: Պայմանագրի վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է, աշխատանքների ավարտի ժամկետը նոյեմբերի 27-ը:

«Թիվ 3 մանկապարտեզում վերանորոգում են խոհանոցը, մանկապարտեզի ճակատային մասը, փոխում են բոլոր էլեկտրական լարերը, նորոգում սենյակները և դարպասները: Թիվ 2 մանկապարտեզում նորոգվում են սենյակները, հիմնական սանդուղքը և բակի արահետը: Աշխատանքները ընթանում են բնականոն հունով, եթե չխանգարեն եղանակային պայմանները, մեկ ամսից ամբողջ աշխատանքները կավարտվեն », – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:

Շուշան Շիրինյան