Աղամալյան փողոցի վերջի հատվածի բնակիչները տառապում են իրենց տների խոնավությունից, քաղաքում ջրահեռացման համակարգի բացակայությունից և մակարդակի սխալ հաշվարկման պատճառով անձրևաջրերը ներծծվում են տների տակ: Ախալքալաքի քաղաքապետարանը խնդրի լուծման համար դիմել է Ճանապարհային դեպարտամենտին, իսկ նրանք էլ իր հերթին՝ հարևան փողոցը վերականգնող շինարարական ընկերությանը:

Ի պատասխան «Աղամալյանի բնակիչները թույլ չեն տա ասֆալտապատել փողոցը, եթե չլուծեն իրենց խնդիրը» հոդվածին, Jnews.ge- ի խմբագրությունը մանրամասն տեղեկություններ և շտկումներ է ստացել քաղաքապետարանից:

Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հրապարակված վերոհիշյալ հոդվածի համար տեղեկատվության հավաքագրման ժամանակ Jnews- ի լրագրողները բազմիցս դիմել էին քաղաքապետարան, տարբեր ծառայությունների և տարբեր աշխատակիցների, սակայն որևէ տեղեկություն չէին ստացել: Սակայն, նյութի հրապարակումից հետո, 2 օր անց մենք ստացանք մանրամասն պատասխան նույն հարցերի շուրջ:

Այդ տեղեկատվության համաձայն, քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է եղել Աղամալյան փողոցում առկա խնդրի մասին, այլ նաև նամակով դիմել է Ճանապարհային դեպարտամենտին, որը վերականգնում է Աղամալյանի խնդրահարույց հատվածին հարող Ախալքալաքի կենտրոնական մայրուղին: Նամակում ասվում է, որ վերականգնված ճանապարհի 71 կմ հեռավորության վրա՝ Աղամալյան փողոցի խաչմերուկում, ջրահեռացման խնդիր կա, անձրևների ժամանակ գոյանում են ջրափոսեր, այնուհետև ջուրը ներծծվում է բնակիչների նկուղները:

Ըստ Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, դեռ 2019 թվականի հոկտեմբերի 7-ին նրանք խնդրի մասին հաղորդել էին Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտին:

«Այստեղ, Ախալքալաքում էր Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչը, նա զննեց տեղանքը: Ես նաև N5192 / 13 նամակը փոխանցեցի նրան, որում նշված է խնդրի մասին», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:

3

Հիշեցնենք, որ ներկայումս Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի 70-ից մինչև 86 կմ-ը նորոգվում է, սակայն վերականգնման նախագծում նախատեսված չի եղել Աղմաշենեբելի-Աղամալյան խաչմերուկում ջրատար խողովակների համակարգի բարեկարգման հարցը:

Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է ճանապարհի տվյալ հատվածը վերականգնող ընկերությանը պարտավորեցնել, որ նա բարեկարգի ջրահեռացման խողովակը:

2

Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ իրենք արդեն տեղյակ են այդ մասին և նամակը վերահղել են շինարարական ընկերությանը, որպեսզի նրանք կարողանան տեսնել այդ տեղանքը, ուսումնասիրել իրավիճակը, հետո արդեն ճանապարհային դեպարտամենտը կորոշի, թե ինչ անել:

Բնակիչները տարիներ շարունակ տանջվում են անձրևաջրերից առաջացած խոնավությունից: Նրանք մտահոգված են, որ մշտական խոնավությունը կարող է քանդել իրենց տների հիմքերը: Բնակիչները պատրաստ են ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, ասում են, որ թույլ չեն տա ավարտին հասցնել հարևան Աղմաշենեբելիի կենտրոնական փողոցի վերականգնումը, եթե ուշադրություն չդարձնեն իրենց երկար տարիներ անհանգստացնող խնդրին: