«Հայաստանի կառավարությունը կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի շահերը համընկնում են հայեցակարգային մոտեցումներում, և դրանցում որևէ հակասություններ չկան», – հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամի ընթացքում` պատասխանելով ջավախահայությանը և Վրաստանի համայն հայությանը վերաբերող հարցերին:

Հոկտեմբեր 23-ին, ՀՀ Ազգային Ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամի ընթացքում, պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցրել է.
«Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի Հայաստան այցի ընթացքում արդյոք քննարկվել են վիրահայության և մասնավորապես ջավախահայության խնդիրները»:

Ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Ջավախքի հետ կապված հարցերը ոչ միայն քննարկվում են, այլև կոնկրետ լուծում են ստանում, որպես օրինակ՝ նշելով Բավրա – Նինոծմինդա ճանապարհի վերանորոգումը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդ որոշման լուծման մեջ մեծ դեր է ունեցել ինչպես Վրաստանի ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիան, այնպես էլ նրա նախորդները` Գեորգի Կվիրիկաշվիլին ու Մամուկա Բախտաձեն։

«Ուզում եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, միջկառավարական հանդիպումների ընթացքում հայերի և ջավախահայերի խնդիրները միշտ մեր օրակարգում են: Որոշ հարցերում Հայաստանի ու Վրաստանի շահերը ջավախահայության հետ կապված կարող են հակասել միմյանց։ Բայց մեր կառավարությունը կարծում է, որ հայեցակարգային մոտեցումներում մեր շահերը համընկնում են ու դրանցում որևէ հակասություն չկա։ Կրածում եմ` սա ամենակարևոր թեման է, որի ֆոնին մնացած հարցերը անհրաժեշտ է բերել օրակարգ և հերթով լուծում տալ», – ընդգծել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ջավախքի համար շատ կարևոր է նաև տնտեսական բաղադրիչը, որը մշտապես մտահոգիչ թեմա է երկու երկրների համար:

«Ճանապարհը կառուցված է, նաև Երևանից Գյումրի է տեղափոխվում ավտոմեքենաների մաքսազերծման կետը։ Մենք համաձայնություն ունենք Վրաստանի կառավարության հետ և խնդիր է դրվել հավասարաչափ բաշխել տրանսպորտային հոսքը բոլոր անցակետերով` Բավրա, Գոգավան ու Բագրատաշեն»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ, Փաշինյանը նշել է, որ այժմ բեռնափոխադրումների 70%–ն իրականացվում է «Բագրատաշեն» անցակետով։