« Եթե Վրաստանի քաղաքացին կորցնում է կենսաչափական անձնագիրը կամ այն գողանում են, միայն արդարադատության նախարարությանը դիմելը բավարար չի»,- ասել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

«Մենք մեր քաղաքացիների համար ունենք կարևոր նորություն, որի մասին պետք է իմանան բոլորը: 2019 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նոր կարգ: Եթե մենք կորցնում ենք կամ մեզանից գողանում են Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը, միայն արդարադատության նախարարությանը դիմելը բավարար չի լինելու: Կենսաչափական անձնագիրը փոխարինելուց առաջ քաղաքացին պետք է ներկայացնի փաստաթուղթ, որ այդ մասին ինքը հայտնել է ոստիկանությանը: Այդ կարգը վերաբերվում է ոչ միայն Վրաստանի տարածքում ապրող մեր քաղաքացիներին, այլև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արտերկրում են: Արտասահմանում գտնվող մեր քաղաքացիները անձնագիրը կորցնելու դեպքում նախ պետք է գնան այդ երկրի համապատասխան մարմիններ, կլինի դա ոստիկանություն, թե այլ կառույց, որպեսզի հաղորդեն, որ կորցրել են Վրաստանի քաղաքացու անձնագիրը, և դրանից հետո համապատասխան տեղեկանքով նոր դիմեն հյուպատոսություն», – ասել է Թեա Ծուլուկիանին:

Նրա հայտարարությամբ, փոփոխության նպատակը այցեգրային ազատականացման պահպանումն է:

«Եվրոպական շատ երկրներում պատահում է, որ Վրաստանի քաղաքացիների մի մասը պնդում է, որ կորցրել է կամ գողացել են անձնագիրը և մենք նոր անձնագիր ենք տրամադրում: Իրականում դա այդպես չէ, նրանք երկու փաստաթուղթն էլ պահում են, ինչը մեծ խնդիր է եվրոպական երկրների և նրանց իրավապահ մարմինների համար»,- նշել է Ծուլուկիանին: