ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գտնվում է Վրաստանում: Նա մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Այցի շրջանակներում նա հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնաք Առչիլ Թալակվաձեի և հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Ռուսլան Պողոսյանի հետ:

Այսօր, հոկտեմբերի 22-ին «Մետաքսի ճանապարհ» համաժողովին Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիևը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիսին Չենը, փոխանցում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝ Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանցած հաջողություններին։

Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների և կառավարությունների ունեցած հնարավորությունների և մարտահրավերների մասին, և այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու և թվայնացման օգուտները քաղելու համար», – գրում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջը:

Տիգրան Ավինյանը հանդիպել է նաև Վրաստանում ապրող հայ համայնքի հետ: