Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան առաջին անգամ աշխատանքային այցով Ախալքալաքում էր:

Լոմջարիան՝ Վրաստանի հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում հանդիպեց ոչ կառավարական սեկտորի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա ցանկություն հայտնեց խոսել այն թեմաների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանին, էթնիկ փոքրամասնություններին` հայերին:

Օմբուդսմենը հետաքրքրվեց՝ հասանելի կրթության մակարդակի, մասնավորապես՝ 1+4 ծրագրի, վրացերենի դասավանդման, խտրականության հնարավոր փաստերի, ոստիկանության հետ խնդիրների և ընտանեկան բռնության մասին, ինչպես նաև հետաքրքրվեց՝ ընտրությունների հետ կապված դժվարությունների, կաշառքների մասին և կանանց մասնակցությանը ընտրական գործընթացում:

Հավաքվածները հարց ուղղեցին՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ բանակցություններին կանանց մասնակցության վերաբերյալ, որին Լոմջարիան պատասխանեց, որ օմբուդսմենի գրասենյակը ներգրավված չէ այս հարցերի շուրջ բանակցությունների գործընթացում:

Խոսեցին այն մասին, որ Հանրային հեռուստաընկերությունը կատարել է ստանձնած իր պարտականությունները ձևի համար, և որ դրա համար ծախսված գումարները չեն արդարացվել, քանի որ ոչ ոք չի դիտել «Առաջին ալիքը» և չի դիտում այն, նույն իրավիճակն է առցանց ծրագրերի հետ կապված:

Դրանից հետո հասարակական կազմակերպությունները խոսեցին 1+4 կրթական ծրագրի դրական և բացասական կողմերի մասին, ինչպես նաև Russia study ծրագրի մասին, որն արդեն մրցակից է համարվում կրթության ոլորտում, ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում:

Անդրադարձ կատարվեց ընդհանուր առմամբ կրթության մակարդակի բարձրացման և մասնավորապես լրացուցիչ ծրագրերի անհրաժեշտության, որպեսզի դասավանդողների կարիք չլինի: Խոսեցին նաև որակավորված ուսուցիչների բացակայության մասին, և որ կրթությունը հաճախ տուժում է այն պատճառով, որ դպրոցների տնօրենները իրենց հարազատներին աշխատանքի են տեղավորում, Ջավախքի որոշ գյուղերում ընտանիքի բոլոր անդամները են աշխատում դպրոցներում՝ ոչ միշտ մասնագիտությանը համապատասխան որակավորումներով: Խոսվեց, որ ուսուցիչներին ընդունում են ծանոթության և կաշառքի միջոցով, ինչը չի նպաստում կրթության արդյունավետ գործընթացին: Դասագրքերի որակի թեման էլ չշրջանցվեց։ Անդրադարձ եղավ նաև ընտանեկան բռնության, շտապօգնության ապակենտրոնացման անհրաժեշտության, ինչպես նաև երկքաղաքացիության և հողատարածքների սեփականաշնորհման հետ կապված խնդիրներին:

Լոմջարիան լսեց թվարկված բոլոր խնդիրները, որոնց մասին ներկաները բարձրաձայնեցին և խոստացավ ուսումնասիրել դրանցից մի քանիսն ու հանձնարարականներ ներկայացնել պատկան մարմիններին:

«Ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել ազգային փոքրամասնություններին, նրանց խնդիրներին, և ես ինքս այդ խնդիրներիի մասին տեղեկացրել եմ բարձրաստիճան պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությոոններին, որոնք զբաղվում են էթնիկ փոքրամասնությունների հարցերով: Դա իմ աշխատանքի ընթացքում հիմնական հանգամանքն է, ես այդ ցավոտ խնդիրների մասին անձամբ զեկուցել եմ միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են ազգային փոքրամասնությունների հետ: Կրթությանն առնչվող բոլոր խնդիրները, որոնք քննարկվել են այսօր՝ 1+4-ը, քննությունների շեմը, որ ընդունելության հետ կապված դժվարություններ կան, վերադառնալուց հետո մենք կսկսենք աշխատել այս բոլոր հարցերի շուրջ, և իմ կողմից առաջարկներ կպատրաստվեն այս հարցերի ուսումնասիրությունից հետո», – ասաց Նինո Լոմջարիան: