Շուտով կլրանա վրացական ժողովրդական «Մուրջի» հումույթի 5 տարին, համույթը ստեղծվել է Ջավախքի բնակիչներին վրացական արվեստի հետ ծանոթացնելու նպատակով:

Ախալքալաքի Մշակույթի տանը կից գործում է «Մուրջի» վրացական ժողովրդական պարի համույթը: Համույթը հիմնադրվել է 2010 թվականին:
Հիմնադիրը ու պարուսույցը Գիորգի Մետրևելին է: Նա ավարտել է Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանը, ապա Թատերական ինստիտուտը, սովորել է վրացական ժողովրդական պարերի բեմադրություն:

«Երբ մենք ընկերների հետ համերգներով ժամանեցինք Ախալքալաք, այստեղ մենք ընկերացանք տեղացիների հետ. ի հայտ եկավ պարի խումբ ստեղծելու գաղափար: Տեղացիները, իշխանավորները մեզ շատ օգնեցին, հատկապես Ալիկ Քսպոյանը, և մենք ստեղծեցինք այս համույթը», – ասում է Գիորգի Մետրևելին:

Ինքը` Գիորգի Մետրևելին, ծնվել և ապրել է Թբիլիսիում, բայց նրա հայրը Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղից է: Նրա մանկությունը անցել է պապիկի ու տատիկի մոտ` Կոթելիա գյուղում:

Նրա խոսքերով, նա ուներ առաքելություն ստեղծելու պարի խումբ, որպեսզի այստեղ ապրողները ծանոթանային վրացական արվեստի, պարի, երգի հետ: Գիորգի Մետրևելին ասում է, որ երկար է մտածել, թե ինչպես անվանել խումբը, և որոշել է այն անվանել «Մուրջի»:

«Ջավախքում շատ անվանումներ կան Մուրջի բառով: Մուրջախեթ, Մուրջիկանի, ազգանուն` Մուրջիկնելի: Բարալեթում կա փոքրիկ լեռ Մուրջի: Այդ տեղում եղել է գյուղ Մուրջի անվանումով: Ես շատ էի գնում այդ լեռ, ինձ շատ պատմություններ են պատմել այդ վայրի մասին, այն ազդել է ինձ վրա խորհրդավոր կերպով: Ես որոշեցի խումբը անվանել «Մուրջի», – ասում է Գիորգի Մետրևելին:

Երեխաների հետ պարապմունքները անցնում են շաբաթ ու կիրակի օրերին Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցի մարզասրահում: Անհարմար տեղի պատճառով համույթը շատ տեղեր է փոխել: Առաջներում պարապմունքները անցկացնում էին Մշակույթի տանը, հետո Մարզադպրոցում, իսկ հիմա պարապում են վրացական դպրոցի շենքում:

Սկզբներում խմբում կար 13 երեխա, այժմ սաների թիվը 31-ն է: Վրացական պարեր սովորել, վրացական մշակույթի հետ առնչվել ցանկացողների թիվը դառնում է ավելի ու ավելի շատ: Վրացական պարեր սովորելու գալիս են հայ, վրացի ու հույն երեխաներ: Համույթը ընդունում է 6-ից մինչև 15 տարեկան երեխաների:

Համույթի պարացանկում կան 8 վրացական պարեր. աճարուլի, ռաճուլի, թեոլուրի, օսեթական, աբխազական և այլն:
Համույթը իր պարերով հանդես է եկել Թբիլիսիում, Անակլիայում, Թելավիում, Բաթումիում: Համույթը ունի շատ դիպլոմներ ու պատվոգրեր:
Գիորգի Մետրևելիի խոսքերով, վրացական ազգային պարերը շատ հարուստ են ու տարբերվում են միմյանցից: Նա երազում է վերականգնել ջավախքյան պարերը:

«Կա յուրահատուկ ջավախքյան պարեր, ես ցանկանում եմ վերականգնել դրանք, թեև նրանք արդեն կորած են, դրանք դժվար է վերականգնել: Այդ պարերն են. Մամլի Մուխասա, Սամկրելո ու Վարդզիոբա-դզիբասա: Ես ուզում եմ վերականգնել Ջավախքի պարերը, «Ջավախքի հարսանիք» բեմական անվանմամբ, թեև պարի շատ քիչ էլեմենտներ են մնացել, անհրաժեշտ է շատ աշխատանք», – ասում է Գիորգի Մետրևելին:

Համույթը մտադիր է տոնել իր հնգամյա հոբելյանը տարեմուտին մեծ համերգով:

Շուշան Շիրինյան