Այս տարի բերքահավաքի ընթացքում կարտոֆիլի գինը գոհացնում էր բնակիչներին, սակայն բարձր գինն այդքան էլ երկար չտևեց։ Ոլորտի մասնագետները նշում են, շուկան ինքն է որոշում կարտոֆիլի գինը:

Ջավախքում գրեթե ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Բերքից գոհ բնակչությունը հիմա էլ դժգոհ է կարտոֆիլի գնից։

Հիմնական գնորդները գալիս են Մառնեուլի շրջանի գյուղերից։ Ըստ բնակիչների Ջավախքում գնորդներն են սահմանում կարտոֆիլի արժեքը։ Բնակչության մեծ մասը ֆինանսական խնդիր ունի և ստիպված հենց գնորդի առաջարկած գնով է վաճառում կարտոֆիլը։

«Այս տարվա բերքից գոհ եմ, բայց վարկեր ունեմ բանկում, պետք է վաճառեմ, որ վճարումներ կատարեմ, ստիպված վաճառելու եմ այն գնով, ինչ առաջարկեն։ Մառնեուլիից եկան 50 թեթրի տվեցին, ինչ անեի, պետք է վաճառեի, սակայն հարևանս 70 թեթրիով վաճառեց»,- ասում է Աշոտը։

Մառնեուլից ժամանած գնորդներն ասում են, որ կարտոֆիլը գնահատում են ըստ տեսակի, գույնի և Թբիլիսիի շուկայի գների։

«Մենք, որ այստեղից տանում ենք կարտոֆիլը, վաճառում ենք Թբիլիսիի գներով։ Այստեղ տեսնելով կարտոֆիլը գնահատում ենք ըստ շուկայական գների։ Կամ եթե կարտոֆիլը սպիտակ չէ, ցեխոտ է, պարզ է, որ ավելի ցածր գին կունենա»,- ասում է Մառնեուլից եկած գնորդ Ռաուֆը։

«Ես չեմ շտապում, որ վաճառեմ կարտոֆիլը, սպասելու եմ մինչև գարնան սկիզբ, որ ավելի բարձր գնով վաճառեմ, միշտ էլ այդպես եմ անում», – ասում է Նարեկը։

Մեր սկզբնական նյութերում Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն նշում է, որ սեպտեմբերի սկզբին կարտոֆիլը երբեք չի արժանացել 70 թեթրի, ինչպես այս տարի էր։

Իսկ Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ընդգծում է, թե ինչպես է որոշվում կարտոֆիլի գինը շուկայում։

«Կան եվրոպական կազմակերպություններ, որոնք աշխատում են Արևմտյան Եվրոպայում։ Նրանք ամեն հինգշաբթի տարբեր ապրանքների շուկայական գների անալիզ են անում։ Ինչ արժի կարտոֆիլը Վրաստանում և տարբեր երկրներում, կամ կարտոֆիլի շուկայական միջին արժեքը։ Հիմա ներկա դրությամբ կարտոֆիլի գինը բարձր է Ուկրանիայում և սկսվել է Ռուսաստանից կարտոֆիլի ներկրումը Ուկրաինա։ Շուկայում կա «ոսկի գին», որը մենք պետք է վերահսկենք», – ասում է նա։

Մախարեն նշում է, եթե Վրաստանում կարտոֆիլը թանկանա, ապա Ռուսաստանում այս տարի կլինի ամենաէժան կարտոֆիլը։

«Ներկա դրությամբ Վրաստանում միջին գինը 24 ցենտ կամ 70 թեթրի է, ես համարում եմ դա նորմալ գին, քանի որ, եթե նայենք ուրիշ երկրների, այո կարող ենք համարել, որ մեր կարտոֆիլն ունի միջին գին», – ասում է Մացուկատովը։

«Մեր ֆերմերները հաճախ ուզում են ավելի բարձր գներով վաճառել, դա հասկանալի է, սակայն ցավոք սրտի ֆերմերը՝ ինքը չի որոշում գինը, գինը որոշում է շուկան, ոչ էլ գնորդն է որոշում։ Ի ուրախություն մեզ այս տարի կարտոֆիլը հա՛մ նորմալ արժեք ունի, հա՛մ էլ բերքատվությունն էր նորմալ», – հավելում է Մախարե Մացուկատովը։

Գայանե Ակոջյան