Ազատ գործնեություն ծավալելու համար պատգամավոր Սամվել Պետրոսյանը հեռացավ ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» ֆրակցիայից, սակայն մնաց որպես փոքրամասնություն՝ բարոյական նկատառումով:

Վրաստանի Խորհրդարանի սեպտեմբերի 21-ի նիստի ժամանակ «Միացյալ Ազգային շարժման» ֆրակցիայից դուրս եկավ Ախալքալաքից ընտրված մեծամասնական պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը:

«Ավելի լայնածավալ գործնեություն ծավալելու համար գնացի այդ քայլին: Հարցեր կան, որ կուսակցական սկզբունքով չես կարող բարձրաձայնել:
Օրինակ. ես երկու տարվա մեջ մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցն եմ առաջ քաշել, փոքրամասնությունների եվրոպական լեզվի խարտիան, կադրային քաղաքականության մասին եմ խոսել, թե ինչու հայկական բնակավայրերում ազգությամբ վրացի են նշանակվում պաշտոնյաները: Տեսնում էի, որ իրենց դուրը այդքան էլ չի գալիս»,- ասաց Սամվել Պետրոսյանը:

Պատգամավորի ձևակերպմամբ՝ դուրս գալով ընդդիմադիր «Ազգային շարժում» ֆրակցիայից, այսուհետ կարող է առավել ազատ աշխատել և համագործակցել այլ կուսակցությունների հետ:

«Եթե ֆրակցիայի մեջ ես, ուրեմն էդ շրջանակներից դուրս չես կարող գալ, Ֆրակցիան ունի իր կանոնադրությունն ու սկզբունքը: Հիմա ես ավելի ընդլայնված կարող եմ աշխատել, ազատ կարող եմ քվեարկել այն օրինագծի օգտին, որը ճիշտ եմ գտնում, համագործակցել մնացած կուսակցությունների հետ և այլն»,- մեկնաբանեց Պետրոսյանը, ավելացնելով՝ «Մնացի փոքրամասնության մեջ զուտ բարոյական պահով»:

Աղունիկ Այվազյան