Վրաստանի ՆԳՆ-ի կողմից ոչնչացվել է մոտ 9 միլիոն լարի արժողությամբ, տասնյակ կիլոգրամ զանազան թմրանյութեր: Այս մասին տեղեկատվություն է տարածում Ներքին գործերի նախարարությունը:

Ըստ նախարարության, խոսքը տարբեր ժամանակահատվածներում՝ 765 քրեական գործի շրջանակներում առգրավված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին է:

Բարձր ջերմաստիճանի վառարանում այրվել է ավելի քան 5,2 կիլոգրամ կոկաին, շուրջ 1,4 կգ հերոին, 4222 «Subutex» հաբեր, 675 դեղապատիճ և 896 հաբ «Տրամադոլ», 579 հաբ և 58,3 գրամ մեթադոն, 338 հաբ և 21,9 գրամ «Կոդեին», 996 հաբ ամֆետամին, մոտ 9 հազար դեղապատիճ և հաբ «Պրեգաբալին», 33,7 գրամ մորֆին: Ոչնչացվել է նաև մեծ թվով այլ անվանատեսակների թմրամիջոց և հոգեմետ նյութեր:

Վրաստանում իրավապահները, թմրանյութերն ու հոգեակտիվ նյութերը՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ ոչնչացնում են դատարանի որոշման հիման վրա:

Ուտիլիզացիայով զբաղվում է հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է Ներքին գործերի նախարարի հրամանով՝ Վրաստանի գլխավոր դատախազության աշխատակազմի և Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարության ներքո: Պրոցեսը տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և շրջակա միջավայրի չափանիշներին և զտիչ համակարգերին համապատասխան: