Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության նախաձեռնությամբ վերանորոգվում է Օրջա-Խանդո-Ալաստան-Կոկիո գյուղերն իրար կապող ճանապարհը։ Աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։ Սակայն ճանապարհաեզրերին կառուցված բետոնե ջրատար անցուղիների վրա երկաթե ձողեր չկան: Օրջա գյուղի բնակիչները բողոքում են:

Ճանապարհի վերանորոգման սկզբից արդեն խնդիրներ կային։ Խանդո գյուղի բնակիչները դժգոհ էին կատարված աշխատանքներից, ասելով, որ աշխատանքներն անորակ են կատարվում, սակայն ավելի ուշ գյուղացիները շինարարների հետ փոխհամաձայնության էին եկել։

Այժմ ընթանում է Օրջա գյուղի ճանապարհի երկրորդ՝ վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Ըստ նախագծի ճանապարհի երկու կողմերում, պետք է լինի բետոնե ջրատարներ, որոնք արդեն պատրաստ են։ Սակայն խնդիրը գյուղամիջի ճանապարհահատվածի ջրատար խողովակների վրայի երկաթյա անցումներն են բացակայում։

Ճանապարհի որոշ հատվածներում մի քանի տան դիմաց երկաթյա ձողեր կան, սակայն ոչ բոլորինը։ Բնակիչները վախենում են, որ երեխաները կընկնեն մեջը:

«Իմ տան դիմաց շատ փոքր մաս փակել են, մյուսը՝ տան երկյանքով բաց է, վաղը, մյուս օրը թոռնիկս արդեն կքայլի, ինչ ենք անելու, կարող է մի օր էլ չհասցնենք ու երեխան ընկնի այդ անցքի մեջ»,- ասում է Գայանե Քուրդողլյանը։

Հայկանուշ Արևյանը երեք թոռ ունի, ամեն օր անհանգստանալով կամ ինքը, կամ հարսը երեխաներին «պահակ» են կանգնում, որպեսզի խուսափեն անցանկալի հետևանքներից։

«Ճանապարհը նորոգեցին, շատ ուրախացանք, բայց այսպես կարելի՞ է թողնել, ամբողջ օրը երեխաների հետևից քայլում ենք, համ իրենք են լարվում, համ մենք»,- ասում է նա։

Ճանապարհի որոշ հատվածները, որտեղով առավելապես երթևեկում են մեծ տրանսպորտային միջոցները, գյուղացիները ստիպված քար են լցրել, ինքնաշեն կամրջակներ են պատրաստել, որպեսզի կարոնանան անցուդարձ անել։

chnaparh qar

«Մենք ապրում ենք գյուղատնտեսությամբ զբաղվելով, ունենք տրակտոր, ինչպես անցի այդ մեծ տրակտորը այստեղից։ Ինչ անենք իրենց պատճառով մեր բերքը դրսում թողնենք»,- ասում է Գայանե տատիկը։

Ասֆալտապատումն իրականացնող «Արալի» ընկերության պատասխանատուներն ասում են, որ իրենք ամեն ինչ արել են ըստ նախագծի։ «Մենք աշխատանքներն իրականացրել և իրականացնում ենք ըստ նախագծի, նախագծից դուրս ոչինչ չենք կարող անել», – ասաց աշխատանքների իրականացման պատասխանատու Օթարը։

Որպեսզի ճանապարհի այն հատվածներին, որտեղ ըստ բնակիչների պետք է լինի երկաթյա անցում, պետք է նամակ-խնդրանքով դիմել կա՛մ քաղաքապետարանին, կա՛մ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Մագդա Ամիրշադյանի խոսքերով, եթե ճանապարհաշինությունը նախարարությունն է իրականացնում քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել։

«Մենք այս հարցում անզոր ենք, եթե նախարարությունն է անում, ուրեմն ամեն ինչի պատասխանատում նախարարությունն է։ Սակայն այս դեպքում, եթե բնակիչները բողոք ունեն, նամակով կարող են դիմել մեզ, մենք կդիմենք նախարարությանը։ Այնուհետև նախարարությունից պատասխանը կամ մեզ կուղարկեն կամ ուղիղ աշխատանքներն իրականացնող անձանց»,- պատասխանեց Մագդա Ամիրշադյանը։

Հիշեցնենք, որ տվյալ ճանապարհահատվածի տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2018 թվականին։ Վերանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8 558 մետր, վերանորոգման համար հատկացված գումարը կազմում է 3 083 573 լարի։ Իսկ աշխատանքների իրականացման վերջնաժամկետը 2019 թվականի նոյեմբեր ամիսն է։

Գայանե Ակոջյան