Պետական ծրագիրը, համաձայն որի նախատեսվում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի 141 կարիքավոր ընտանիքներին ապահովել վառելափայտով չի հաջողվել, և այդ նպատակների համար հատկացված գումարն արդեն վերաբաշխվել է այլ ծախսերի համար:

Հոկտեմբերի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն 2019 թվականի բյուջեում փոփոխությունների հերթական քննարկման ընթացքում, բյուջե է վերադարձրել 30 000 լարի գումար, որն անցած՝ 2018 տարվա վերջին հատկացվել էր կարիքավոր ընտանիքներին վառելափայտ գնելու և բաժանելու համար: Գումարը որոշվել է օգտագործել այլ նպատակների համար:

Անցած տարվա նոյեմբերի 21-ի N 2234 կառավարության որոշման համաձայն Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Բորժոմի եւ Թուշեթի մունիցիպալիտետներին հատկացվել էր վառելափայտ, որպեսզի դրանք բաժանվեին այս շրջաններում ապրող բացառապես կարիքավոր ընտանիքներին:

Սկզբնապես այս ծրագրի համար հատկացվել էր 25 000 լարի, սակայն վարորդներն այդ գումարը համարեցին անբավարար, և մունիցիպալիտետը 2019 թվականի հունվարին ավելացրեց ևս 5000 լարի: Արդյունքում, այս նախագծի արժեքը կազմեց 30 000 լարի:

Այս ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետից 141 ընտանիք դեռ 2019 թ. հունվարին պետք է ստանար 2-3-ական խոր/մ վառելափայտ:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանության ծառայության ղեկավար Ռամազ Խուցիշվիլու, սկզբում եղանակային պայմաններն են խանգարել, շատ ձյուն է եղել, եւ նրանք անտառից չեն կարողացել դուրս բերել փայտը: Այնուհետեւ, մայիսի սկզբին, քաղաքապետարանի աշխատակիցները գնացել էին տեղում տեսնելու ծրագրով նախատեսված վառելափայտը և հրաժարվել, քանի որ, ըստ նրա, վառելափայտը պիտանի չէր ջեռուցման համար:

«Նրանք խաբեցին մեզ, վառելափայտը լավը չէր, և մենք հրաժարվեցինք: Ինչ կասեին մարդիկ, եթե բաժանեինք այդ վառելափայտը: Մենք նույնիսկ լուսանկար ունենք, մենք չէինք ուզում մարդկանց խաբել: Ես 4-5 ամիս առաջ նամակ եմ ուղարկել Գործակալությանը ասելով, որ մենք հրաժարվում ենք այդ վառելափայտից և սպասում էինք այլընտրանքային լուծման, սակայն պատասխան չստացանք », – ասաց Ռամազ Խուցիշվիլին: