Գյուղատնտեսության նախարարությանը կից Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալությունը Վրաստանի ամբողջ տարածքում իրականացնում է «Մեղվաբուծական գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման» ծրագիրը:

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ից սկսել է մեղվաբուծության օգնության ծրագիր: Այն իրականացնում է Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալությունը:

Գործակալության աշխատակիցները արդեն մեկ ամսվա ընթացքում ներկայացնում են նշված ծրագիրը բոլոր շրջաններում: Պատմում են ֆերմերներին այն մասին, թե ինչպես կարելի է մասնակցել ծրագրին, ինչ պետք է ներկայացնել և այլ մանրամասնություններ:

Ծրագիրը վերաբերում է միայն այն կոոպերատիվներին, որոնք ունեն 30-ից ավելի փեթակներ: Կարող են մասնակցել ոչ միայն կոոպերատիվները, որոնք հիմնականում զբաղվում են մեղվաբուծությամբ, այլ նաև այլ կոոպերատիվներ, որոնց օրենսդրությունում գրված է, որ ունեն իրավունք զբաղվելու մեղվաբուծությամբ:

Նշված ծրագիրը սեպտեմբերի 21-ին ներկայացրին Ախալքալաքում: Ծրագրի մասին ֆերմերներին պատմեց Գյուղատնտեսական կոոպերատիվների գործակալության ղեկավար Գիորգի Միշելաձեն: Նրա խոսքերով հոկտեմբերի 1-ից կոոպերատիվները կարող են հաշվառվել այդ ծրագրում:

«Բոլոր կոոպերատիվները մինչև հունվարի 1-ը կստանան փայտե փեթակներ (10 շրջանակային): Գումարի 70 տոկոսը կվճարի պետությունը, իսկ 30 տոկոսը` կոոպերատիվները»,- ասում է Գիորգի Միշելաձեն:

Ծրագրով նախատեսված է փեթակների քանակի կրկնապատկում. որքան փեթակ ունի կոոպերատիվը, այդքան էլ կստանա, բայց ոչ ավել 100 հատ:

Ախալքալաքի շրջանում հաշվառված են 7 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են մեղվաբուծությամբ, իսկ ամբողջ Վրաստանում կա այդպիսի 164 կոոպերատիվ:

Ամբողջ Վրաստանում ստեղծվել են 1169 կոոպերատիվներ: Կոոպերատիվների քանակությամբ առաջատարը Սամցխե-Ջավախքն է` 229 կոոպերատիվ: Երկրորդ և երրորդ տեղերում են Աջարիան ու Քվեմո-Քարթլին համապատասխանաբար:

Ախալքալաքի շրջանում ստեղծվել են 43 կոոպերատիվներ, 7-ը կարգավիճակ ստանալու փուլում են:

Շուշան Շիրինյան