Ախալքալաքի երեք մանկապարտեզները վերանորոգման վիճակում են: Եթե №3-րդ քաղաքային մանկապարտեզում կապիտալ վերանորոգումը ավարտվել է, իսկ №2-ում մասամբ դեռ կատարվում են աշխատանքներ, ապա №1 մանկապարտեզը փակ է վերանորոգման համար:

Այս տարի տեղի ինքնակառավարումը որոշել է վերանորոգել քաղաքի մանկապարտեզները. որոշ տեղերում կապիտալ վերանորոգում, որոշ տեղերում տեղային, իսկ որոշ տեղերում ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով տեղայինից վերածվել է ընդհանուրի:

Ախալքալաքի շրջանի վարչությունը հայտարարել է տենդերներ: №1 մանկապարտեզի նորոգման աշխատանքների տենդերը 63 999 լարի արժողությամբ շահել է անհատ ձեռներեց Քրիստինե Սարաշվիլին Ախալցիխեից, սակայն այդ գումարի մեջ մտնում է ոչ միայն մանկապարտեզը, այլ նաև Ախալքալաքի Ապագայի տունը և Ախալքալաքի շրջանի նիստերի դահլիճի նորոգումը: №1 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները մինչև օրս շարունակվում են: Իսկ երեխաները, ովքեր հաճախում էին այդ մանկապարտեզ կամ հաճախում են այլ մանկապարտեզ կամ էլ նստած են տանը:

№3-րդ մանկապարտեզի տանիքի վերանորոգման համար տենդերը կրկին նույն ձեռնարկատեր` Քրիստինե Սարաշվիլին է շահել 94 999 լարի գումարով, չնայած մրցակցությունը ահագին շատ է եղել` 15 թեկնածու: Պետք է նշել, որ տանիքի վերանորոգման ընթացքում, երկար ժամանակ շինությունը մնում էր բաց և հորդառատ անձրևների պատճառով մանկապարտեզի շինությունը և գույքը վնասվել էր: Այդ ձևով մասնակի վերանորոգման աշխատանքները մեծացան` ամբողջ շինության բարեկարգմամբ, որը իրականացրեց տենդերը հաղթող ձեռնարկատերը:

Մասնակի վերանորոգումներ արվում են նաև №2-րդ մանկապարտեզում, որի տենդերը` 65 525 լարի արժողությամբ հաղթել է անհատ ձեռներեց` Նորայր Մելքոնյանը Մուրջախեթ գյուղից:

Մանկապարտեզների վերանորոգման վիճակի մասին մանրամասները կարող եք իմանալ մեր տեսանյութից:

Քրիստինե Մարաբյան