Նոր ուսումնական տարվա սկզբին Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում էր հայտնվել ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով տպագրված Վրաստանի պատմության դասագրքեր: Կրթության նախարարությունը տեղեկանալով խնդրի մասին անմիջապես հետ էր կանչել դասագրքերը: Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից տեղեկացնում են, որ արդեն նոր և առանց սխալների դասագրքեր են բաժանվել դպրոցներին:

Սեպտեմբերի 19-ին, Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցների 9-րդ դասարանի Վրաստանի պատմության որոշ դասագրքերում մի քանի թեմաներ ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով էր ներկայացված:

Ադրբեջաներենով Վրաստանի պատմության դասագրքեր էին հայտնվել Ախալքալաքի թվով 3 գյուղերի՝ Խուլգումո, Դիլիսկայի 1-ին և Խավեթ գյուղի դպրոցներում: Ամբողջ խմբաքանակի մեջ ընդամենը 13 գիրք է հայտնաբերվել նման սխալներով:

Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչանը նշեց. «Երբ դասագրքերը բաժանեցինք հայկական դպրոցներին շրջանի մաշտաբով 13 դասագրեքերում ի հայտ եկավ խնդիրներ, կար ադրբեջաներեն, ռուսերեն, ինչպես նաև հակառակ կպցված էջեր, ոչ լրիվությամբ, բայց կային մի քանի էջեր: Այդ իսկ պատճառով գրքերը հետ կանչեցինք և ստուգեցինք, թե մենք, թե նախարարությունը: Սխալ կազմված դասագրքերը հետ ուղարկեցինք և մեկ շաբաթվա ընթացքում ստացանք նոր դասագրքեր»:

Նշենք, որ Վրաստանի Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից Jnews-ին հայտնել էին, որ իրենք տեղյակ են խնդրի մասին:

«Մենք տեղյակ ենք, որ նման խնդիր է առաջացել: Դա պարզապես տպագրական վրիպակ է: Նախարարությունը արդեն հետ է կանչել այդ դասագրքերի ամբողջ խմբաքանակը: Սխալը կուղղվի և փոխարենը նոր գրքեր կբաժանեն աշխակերտներին»,- ասացին նախարարությունից: