Ախալքալաքի շրջանում շատացել է վիժումների քանակը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով: Բժիշկ-գինեկոլոգ Ասյա Գուլիեվան խոսում է վիժման պատճառների և լուծման ճանապարհների մասին։

Հունվար ամսվանից մինչև հիմա Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում հաշվառված է 530 հղի, անցած տարվանից 50-ով քիչ, փոխարենը շատացել է վիժումների քանակը, 530 հղիից՝ 15-20 վիժում, այսինքն՝ 3%-ը։

«Իհարկե վիժումը բնական երևույթ է, սակայն ցավալին այն է, որ հիմա ավելի է շատացել վիժումների քանակը։ Մեր շրջանում վերջին տարիների ընթացքում՝ կապված աշխատանքային միգրացիայով, սեռական ճանապարհով ձեռք է բերվում տարբեր վիրուսներ և հենց դրանք էլ հանդիսանում են վիժումների հիմնական պատճառ։ Շատացել են ինֆեկցիաները, շատացել են նաև վիժումները։ Հիմնական վիրուսներն են՝ տոքսոպլազմոզ, միկոպլազմոզ, խլամիդիոզները, հերպեսի տեսակները»,- ընդգծում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բժշկուհի Ասյա Գուլիեվան։

Բժշկուհին նշում է՝ վիժման պատճառները կարող է լինել ժառանգական և այլ հիվանդությունները, սակայն դրանք ավելի քիչ են հանդիպում պրակտիկայում:

«Ցավոք սրտի հայերն ունեն արյան պնդեցման խնդիր, որն ավելի շատ է հանդիպում հայերի քան մյուս ազգերի, քանի որ հայերի մոտ շատ է միմյանց հետ ամուսնությունը, այլ ազգի ներկայացուցիչների հետ ամուսնությունները՝ քիչ, այդ իսկ պատճառով էլ գենը չի թարմանում», – ասում է բժշկուհին։

Իսկ վիրուսները 90%-ով ձեռք են բերվում սեռական ճանապարհով, իսկ մնացած 10% ընտանեկան անամնեզ են, այսինքն՝ ծնողները իրենք են ձեռք բերել վարակ, հղիության ընթացքում, որն էլ անցել է պտղին, երեխան միանգամից ծնվում է վիրուսով, որն էլ հետագայում խթան է հանդիսանում, որ նա կորցնի երեխային։

Այդ իսկ պատճառով էլ բժշկուհին խորհուրդ է տալիս նախքան հղիանալը անցնել համապատասխան ստուգումներ։ Վիրուսը կարող է գլուխ չբարձրացնել հղիությունից առաջ, շատ դեպքերում վիրուսները նախաշաններ չեն տալիս, և բացահայտվում են միայն վիժումից հետո։

«Ես ունեմ առողջության համաշխարհային կազմակերպության կողմից արձանագրություն, որի համաձայն էլ, եթե առաջին անգամ է կատարվել վիժումը, ուրեմն խորհուրդներ ենք տալիս, սակայն բուժում չենք նշանակում, չենք անհանգստացնում կնոջը, բուժում ենք նշանակում երկրորդ կամ երրորդ անգամ, սակայն հիմա դեպքերն այնքան են շատացել, որ առաջին իսկ վիժումից սկսում ենք փնտրել պատճառները», – պատմում է բժշկուհին։

Լինում են նաև դեպքեր, երբ պտուղը չի պաշտպանվում բնության կողմից, օրինակ. եթե պտուղը չի զարգացել, բնությունն ինքն է որոշում, մնա, թե՝ ոչ։ Կինը կարող է անգամ չնկատել, որ վիժել է։

«Մենք հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ վիժումների 50%-ի պատճառը վիրուսն է կամ արյան պնդեցումը, իսկ մնացած 50%-ի դեպքում չենք կարող ասել»,- հավելում է Ասյա Գուլիեվան։

Մեր հասարակությունում վիժման փաստը շատ ծանր են տանում։ Ինչպես ասում է մեր հերոսուհին, ով չցանկացավ ներկայնալ, ավելի ծանր են տանում սկեսուրները, քան հարսները։

«Ինձ համար շատ դժվար է եղել, երեք անգամ երեխա եմ կորցրել։ Սակայն այդ փաստը ավելի ծանր եմ տարել, երբ որ սկեսուրս միշտ ասում էր, որ ես անպայման պետք է բուժվեմ, իմ ամեն ինչը խնդիրներով է։ Բուժվել եմ Ախալցիխեում և Թբիլիսիում։ Տարբեր կլինիկաներում տարբեր բաներ էին ասում, մեկն ասում էր՝ արյունս պինդ է, բուժվեցի, բայց էլի վիժեցի, մյուսն ասում էր վահանաձև գեղձս հանգույց ունեմ, բուժվեցի, բայց էլի անօգուտ, հետո Թբիլիսիում մի կլինիկա առաջարկեցին գնացի այնտեղ, անալիզներից պարզ դարձավ, որ վիրուս ունեմ, բուժվեցի, ու փառք Աստծո, հիմա առողջ տղա երեխա ունեմ», – ասում է նա։

Բժշկուհին խորհուրդ է տալիս բոլոր կանանց հանգիստ լինել և վիժումը նույնպես հանգիստ տանել, քանի որ դա բնական երևույթ է, և կարող է լինել յուրաքնաչյուրի հետ։

Գայանե Ակոջյան