Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ վիճակախաղի խաղարկություն, որից գոյացած միջոցները ուղղվելու են Ջավախքում գորգագործության զարգացմանը:

Ջավախքի Օժանդակության հանձնախումբը դեռևս գարնանը որոշում է ընդունել անցկացնել վիճակախաղի խաղարկություն: Ծրագրի հիմնական նպատակն է Ջավախքում գործող երեք երիտասարդական կենտրոնների կրթական և սոցիալական ծրագրերի օժանդակությունը:

Նման վիճակախաղ Ջավախքի Օժանդակության հանձնախումբը առաջին անգամ է իրականացնում: Տպագրվել և իրացվել է 4000 տոմս, յուրաքանչյուրը 5 լարի կամ 1000 դրամ արժողությամբ: Տոմսերը հիմնականում իրացվել են Ջավախքում և Հայաստանում:

«Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, որոնք իրենց աջակցությունն ու մասնակցությունը ցուցաբերեցին: Հետագայում հանձնախումբը նախատեսում է շատ ավելի մեծ տիրաժով տպագրել: Սա առաջին անգամ ենք կազմակերպում և այն հաջողված է, մեր հանձնախումբը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել Ջավախքում»,- ասաց Ջավախքի Օժանդակության ծրագրերի հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանը:

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում իրականացված վիճակախաղի արդյունքում շահեցին 18 տոմսեր: Հաղթողներին տրվելու է կենտրոնների սաների ձեռքով գործած գորգեր և ձեռագործ այլ իրեր:

«Ծրագիրը նախատեսում է գորգագործության զարգացում, Երիտասարդական կենտրոնների համապատասխան խմբակները գույքով ապահովել, հաստոցներ գնել, գորգագործական արհեստանոցները համալրել, որի արդյունքում 15 աշխատատեղ կհիմնվի», – ասում է Բագրատ Սարգսյանը:

Աղունիկ Այվազյան