2019-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը 7014 է, 2015-ին` 7297 էր: 4 տարվա ընթացքում աշակերտների ընդհանուր թիվը նվազել է 283-ով, ընդհանուր թվի անկում է նկատվում ամեն տարի: Բայց առանձին վերցրած, որոշ դպրոցներում նկատվում է աշակերտների թվի աճ, իսկ մյուսներում` նվազում:

Մունիցիպալիտետի գյուղական 60 հանրային դպրոցներից 41 դպրոցում աշակերտների թվի անկում է նկատվում, իսկ 19 դպրոցում՝ աճ:

4 տարվա կտրվածքով հինգ քաղաքային դպրոցներում նկատվում է աշակերտների թվի աճ:

Մունիցիպալիտետի 60 գյուղերի մեջ, 2019 թվականին, աշակերտների թվով առաջատարն է Վաչիանի դպրոցը (338 աշակերտ): 2015 թվականից սկսած դպրոցում աշակերտների թիվն աճել է: 2015-ին դպրոցն ուներ 303 աշակերտ: Վաչիանին հաջորդում է Գումբուրդո գյուղի դպրոցը, որտեղ ներկայումս սովորում է 305 աշակերտ: Այս դպրոցում չորս տարվա ընթացքում աշակերտների թիվը մեկ նվազել է, մեկ ավելացել:

Աշակերտների թվով երրորդ տեղը Կարտիկամ գյուղի դպրոցինն է, որն ունի 229 աշակերտ: Այս դպրոցում չորս տարվա ընթացքում աշակերտների թիվը նվազել է 71 հոգով:

Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցում սովորում է 207 աշակերտ: Այս դպրոցում սովորողների թիվը հետըզհետե նվազել է:

Ազավրեթ, Կուլիկամ, Էխտիլա, Բեժանո, Գոման, Արագվա, Բավրա, Դադեշ, Դիլիսկա (№ 2 դպրոց), Կարզախ, Մերենիա, Սուլդա, Տուրցխ, Խանդո, Խուլգումո գյուղերի դպրոցներում աշակերտների թիվը 100-ից ավելի է, սակայն 200-ից պակաս: Այս դպրոցներում հիմնականում նկատվում է աշակերտների թվի նվազում:

Թախչա գյուղում աշակերտների ամենաքիչ թվաքանակն է՝ ընդամենը 4 աշակերտ, նշենք, որ գյուղը նույնպես ամենափոքրն է, այնտեղ ապրում է ընդամենը 32 մարդ: Նրան հաջորդում է Ափնյա գյուղը՝ 5 աշակերտ: 2015-ին կար 15 աշակերտ, 2019-ին դարձավ 5: Դրանից հետո գալիս է Մյասնիկյան գյուղը՝ 8 աշակերտով, Մոդեգամ գյուղը` 10 աշակերտով: Երկու գյուղերում էլ նվազման միտում է նկատվում:

Շուշան Շիրինյան