Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղի եկեղեցու տանիքի վերականգնումը, որը սկսվել էր ավելի քան 4 ամիս առաջ, կասեցվել էր թույլտվության բացակայության պատճառով: Հիմա թույլտվությունը կա, սակայն փաստաթղթային խնդիրներից ոչ մի կերպ գլուխ չեն հանում:

Տուրցխ գյուղի եկեղեցին բաց երկնքի տակ է ավելի քան 4 ամիս: Գյուղում տանիքի վերանորոգումը սկսվել էր գյուղի բարերարների միջոցներով, սակայն նրանք չգիտեին, որ կրոնական օբյեկտների հետ կապված որևէ փոփոխություն կատարելու պարագայում պահանջվում է Կրոնի հարցերով ազգային գործակալության թույլտվությունը, այնուհետև մշակութային արժեքի օբյեկտների վերականգնման համար էլ` նախագծի հաստատումը Մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության ազգային գործակալության կողմից: Քանի որ համապատասխան ընթացակարգերը չէին կատարվել, աշխատանքները դադարեցվել էին, և սկսվել էր թույլտվությունները ստանալու գործընթացը:

2019 թ.-ի հուլիսին Կրոնի հարցերով գործակալությունը վերականգնման թույլտվություն տվեց: Սամցխե-Ջավախքում գործակալության ներկայացուցիչ Էլվարդ Զազաձեի խոսքով՝ խնդիրն արդեն փաստաթղթավորված է, որը դիտարկում է Մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գործակալությունը:

«Խնդիրն այն է, որ վերականգնման նախագծում սխալներ են եղել, որոնք ուղարկվել են Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը», – ասում է Էլվարդ Զազաձեն:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից վստահեցնում են, որ իրենք նույնպես ցանկանում են, որ այս հարցին շուտափույթ լուծում տրվի: Ըստ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, հողատարածքը նախ պետք է գրանցել Հանրային ռեեստրում, այնուհետև նախագիծը ուղարկել Մշակութային ժառանգության գործակալություն:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են, մենք էլ ենք ցանկանում, որ այդ հարցը հնարավորինս արագ լուծվի», – ասում է փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

Մշակութային ժառանգության գործակալության ներկայացուցիչ Բեքա Բարամիձեի խոսքով՝ իրենք ստացել են նամակ, որում հայցվում է 2019 թվականի օգոստոսի 20-ի վերականգնման համար թույլտվություն: Չնայած նրան, որ վերականգնման համար թույլտվությունը կտրվի, այնուամենայնիվ, այս փուլում ուղարկված փաստաթղթերում որոշ բան շտկելու անհրաժեշտություն կա:

«Նամակում սխալներ կային, որոնք պետք է շտկել, նաև անհրաժեշտ են փաստաթղթեր պետական Ռեեստրից», – ասում է Բեքա Բարամիձեն:

Թե էլի որքան կտևեն նամակագրությունը, մինչև վերականգնման աշխատանքները սկսվեն, դեռևս անհայտ է, բայց գյուղացիներն ահազանգում են, որ շուտով եկեղեցու ներսում ձյուն կտեղա:

Հիշեցնենք, որ եկեղեցու տանիքը վերանորոգվում է ծնունդով տուրցխեցի բարերաների բարեգործական միջոցներով, որոնք այժմ ապրում են Ռուսաստանում: Վերանորոգման աշխատանքները սկսվել էին մայիսի 10-ից հետո, իսկ մայիսի 16-ին աշխատանքներն արգելվել էին Կրոնի հարցերով գործակալության աշխատակիցների կողմից: