Ախալքալաք քաղաքի և գյուղերի դպրոցներում օգոստոսի 22-ից մինչև այսօր՝ սեպտեմբերի 23-ը ներառյալ, հայտարարվել է 380 թափուր աշխատատեղ, որից 15-ը դեռևս ընթացքի մեջ է:

Սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին, սակայն մի շարք դպրոցներում դեռևս ուսուցչի թափուր հաստիք կա:

Երբ կենսաթոշակառու ուսուցիչները ցանկություն հայտնեցին դադարեցնել մանկավարժական գործնեությունը, երկրի հանրակրթական դպրոցներում հայտնվեցին նոր թափուր աշխատատեղեր: Օգոստոսի 22-ից Վրաստանի հանրակրթական դպրոցները teacherjobs.ge կայքում սկսեցին ուսուցչի թափուր աշխատատեղի համար հայտարարություն տեղադրել:

Օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 23-ը, Ախալքալաք քաղաքի և գյուղերի դպրոցներում հայտարարվել է շուրջ 380 թափուր աշխատատեղ: Այս գործընթացը շարունակվում է: Այսօրվա դրությամբ 15 թափուր աշխատանքային տեղի համար հայտերի ընդունումը դեռևս ընթացքի մեջ է:

380 թափուր աշխատատեղից, ավելի քան 370-ը մանկավարժի հաստիք է, 1-ը՝ պահակի, 1-ը՝ տնօրենի, 1-ը՝ գրադարանավարի, 7-ը՝ գործավարի:

Նինոծմինդայի և Ախալքալաքի դպրոցներում 270 թափուր աշխատատեղ կա

165 հեռացող ուսուցիչ, 10 դպրոց և 20 թափուր աշխատատեղ

Ախալքալաքի շրջանի դպրոցներում ամենաշատ թափուր հաստիք է հայտարարվել հետևյալ մասնագիտություններով՝ քիմիա, մաթեմատիկա, ֆիզիկա, երաժշտություն, վրացերենը՝ որպես երկրորդ լեզու, տարրականի դասվար, ֆիզկուլտուրա և աշխարհագրություն:

Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդող 64 329 ուսուցիչներից 16 406-ը կենսաթոշակառու են։ Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետի դպրոցներում դասավանդում է 1437 ուսուցիչ, որոնցից 260-ը կենսաթոշակային տարիքի են, իսկ 165-ը հեռանում են դպրոցից:

Ըստ Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Աբուլաձեի, այս փուլում գրանցվել են կենսաթոշակային տարիքի մինչև 6000 ուսուցիչ:

Ըստ նրա՝ մանկավարժները, որոնք ինքնակամ որոշել են հեռանալ դպրոցից, երկու տարվա աշխատավարձը կստանան ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին: Նրանք ամբողջ կյանքի ընթացքում կունենան մանկավարժի բժշկական ապահովագրական փաթեթ: