Այստեղ հավաքված հասարակությանը հայտարարում ենք, որ մեր նպատակն է խաղաղորեն վերջ տալ Բիձինա Իվանիշվիլու միանձնյա կառավարությանը, – այս մասին հայտարարել է «Ամոթ է» ցույցի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլին:

Վերջինս խոսեց նաև ցույցի մասնակիցների հետագա ծրագրերի ու անելիքների մասին: Դիղմելաշվիլիի խոսքով դեպի հաղթանակ տանող ճանապարհն այսպիսին է․

«Կստեղծենք և կուժեղացնենք ակտիվիստների խմբեր, որոնք հանգիստ չեն թողնի Իվանիշվիլու հետևորդներին։ Իրավաբանական աջակցություն կապահովենք «Գավրիլովի գիշերը» տուժածներին։ Կստեղծենք արագ արձագանքման օպերատիվ թիմ, որը օպերատիվ խորհրդատվություն կմատուցի շարժման անդամներին և բոլոր մարդկանց, ովքեր ճնշված են պետության կողմից։ Կստեղծենք նոր մեդիա հարթակներ, որոնք պարտության կմատնեն Բիձինա Իվանիշվիլու քարոզչական մեդիաներին։ Կսկսվի լայնածավալ արշավ, որպեսզի ընտրողները տեղեկացված լինեն ընտրություն կատարելիս», – հայտարարել է Շոթա Դիղմելաշվիլին։

dighmelashvili

Նրա խոսքով հունիսի 20-ին ղեկավարության կողմից գործված ամոթալի հանցանքը «տարբերվողներին միավորեց», բայց կառավարությունը հայրենիքի հավատարիմ ժողովրդի բողոքին բռնությամբ պատասխանեց։

«Մենք սա չենք ներում։ Այսօր այստեղ հավաքվել ենք նրա համար, որ ասենք Բիձինա Իվանիշվիլիին, դուք հնարավորություն ունեիք լսել ժողեվրդի պահանջները և պատասխանատվություն կրել ձեր գործած սխալների համար: Սակայն դուք բացեիբաց հակառակվեցիք ժողովրդի կամքին։ Դուք նպաստեցիք, որ ՆԳ նախարարը, ով մեղավոր է ժողովրդի առաջ, դառնա երկրի առաջին դեմքը։ Մենք սա էլ չենք ների։ Մեզ համար անընդունելի է միանձնյա, օլիգարխային և ոչ ֆորմալ ղեկավարումը։ Բիձինա Իվանիշվիլին գնել է և առգրավել կառավարության բոլոր մասնաճյուղերը», – ավելացրել է «Ամոթ է» ցույցի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլին։

3

Հունիսի 20-ի գիշերը Թբիլսիում, խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցը իշխանությունը բռնի ուժով ցրելու ուղիղ երեք ամիս է անցել:

1

Երեք ամիս անընդմեջ բողոքի ցույցեր էին անցկացվում խորհրդարանի շենքի դիմաց, որոնք վերջին շրջանում վերածվել էին հեռուստատեսային ծրագրի, որի ժամանակ քննարկում էին երկրի ներկա վիճակը և սպասելիքները կառավարությունից։

Այս ձևաչափը սակայն այսօրվանից այլևս չի գործի և ցույցի կազմակերպիչների խոսքերով, յուրաքանչյուր ամսի 20-ին, քանի դեռ կառավարությունն անփոփոխ է, խաղաղ բողոքի ցույցեր կանցկացվեն խորհրդարանի դիմաց, հիշելու հունիսի 20-ին տեղի ունեցած գործողությունները: Իսկ մինչ այդ «Ազատության համարը» ծրագրում է այցեր կատարել դեպի երկրի բոլոր մարզեր և գյուղեր։

2

Ռիմա Մառանգոզյան