Ախալքալաքում փոսային նորոգումները սկսվում են գարնանը և ձգվում մինչև ձմեռ՝ մինչ ճանապարհները չձյունածածկվեն: Այսօր էլ մնում են փողոցներում որոշ հատվածներ, որոնք ավելի քան 2 ամիս փորվել են նորոգման նպատակով և չեն ասֆալտապատվում, ինչպես նաև փոսեր, որոնք վերանորոգման կարիք ունեն:

Ախալքալաքի բնակիչները բողոքում են, որ փոսային նորոգումը մինչև վերջ չեն ավարտել:

Նախ փոսային նորոգումը սկսվել է քաղաքի գլխավոր փողոցից, ապա տեղափոխվել այլ փողոցներ: Այս պահին վերանորոգման համար փորված փոսերը մնում են Թբիլիսյան, Մարգարյան, Ուկմերսկայա և ևս մի քանի փողոցներում: Կտրված հատվածները շատ են խանգարում քաղաքում երթևեկությանը:

Այս փողոցներում փոսերը շրջանցելու նպատակով մեքենաները հաճախ դուրս են գալիս դեպի հանդիպակաց երթևեկելի գոտի կամ նույնիսկ մայթ՝ դրանով իսկ առաջացնելով արտակարգ իրավիճակ:

Ենթակառուցվածքային ծառայության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքով՝ քաղաքում փոսային նորոգումը դեռ չի ավարտվել, բայց շուտով կավարտվի:

Քաղաքի փողոցների փոսային նորոգումը ֆինանսավորվում է տեղական բյուջեից և դրա համար հատկացվել է 199,990.00 լարի:

Փոսային նորոգման տենդերը հայտարարվել էր 2019 թ.-ի մայիսի 29-ին և այն հաղթել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը:

Ըստ «ՋավախԱվտոԳզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեի, նրանք դեռ ավարտին չեն հասցրել փոսային նորոգման աշխատանքները:

«Մենք դեռ ժամանակ ունենք, վերանորոգման աշխատանքներն իրականացնելու, այն կավարտենք մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում», – ասաց Ջաբա Ձիրկվաձեն:

Այս տարի, ընդհանուր առմամբ նախատեսված է ասֆալտապատել 5337 մ² ճանապարհահատված:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի Սակրեբուլոն այդ աշխատանքների համար հաստատել էր 200,000 լարի: Երկար ժամանակ Ախալքալաքում փոսային նորոգումների համար տենդեր չէր հայտարարվում, քանի որ քաղաքապետարանը և աշխատանքների կատարածուն համաձայնության չէին գալիս անցած տարի իրականացված նորոգման աշխատանքների պատճառով: Քաղաքապետարանից պնդում էին, որ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը չի ավարտվել աշխատանքն անցյալ տարի, իսկ ընկերությունից ասում էին, որ նրանք ավարտվել են աշխատանքները, սակայն մայիսի կեսերին ընկերությունը վերանորոգել է 1000 ք/մ ճանապարհահատված:

Բրատիսլավ Իգիթխանյան