Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհով առևտրի ընդլայնման և տարանցիկ բեռնափոխադրումների ծավալի ավելացման հարցերը քննարկման առարկա դարձան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի միջև, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

Ադրբեջանի նախագահը Բաքվում երեքշաբթի ընդունել է վրացի նախարարին, հայտնում է պետության ղեկավարի կայքը:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության դիվերսիֆիկացման միջոցով առևտրի ընդլայնման և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ուղու հնարավորությունների օգտագործման միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու հարցերը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև էներգետիկայի, ներդրումների, էլեկտրաէներգիայի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության հեռանկարների վերաբերյալ», – ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Ըստ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության տվյալների, 2018 թվականին ԲԹԿ-ի միջոցով տեղափոխվել է մոտ 3000 բեռնարկղ, 2019 թվականի 7 ամիսների ընթացքում՝ ավելի քան 2,5 հազար բեռնարկղ: 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին 171 հազար տոննա TIR-ը Թուրքիայից տեղափոխվել է Կենտրոնական Ասիայի երկրներ և հալառակը՝ ԲԹԿ երկաթուղով:

ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017-ի հոկտեմբերի 30-ին: Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք երկաթուղին՝ 98 կմ երկարությամբ, որից 68 կմ՝ Թուրքիայի տարածքով, 30 կմ՝ Վրաստանով, ինչպես նաև Վրաստանում Ախալքալաք-Թբիլիսի 183 կիլոմետրանոց հատվածի վերակառուցումը: Երկաթգծի վրացական հատվածում աշխատանքը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ՝ ընդհանուր 775 միլիոն դոլարի չափով:

ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը 826 կմ է: