Այս տարի 616 առաջին դասարանցի առաջին անգամ կհաճախեն Ախալքալաքի շրջանի 61 հանրակրթական դպրոց, մնացած 4 դպրոցն ուսումնական տարին կսկսեն առանց առաջին դասարանցիների:

Ախալքալաքի շրջանի հանրային դպրոցներում աշակերտների թիվը 2019 թվականի սեպտեմբերի սկզբին կազմում էր 7096 հոգի, այս վիճակագրության մեջ են նաև 616 առաջին դասարանցիները: 616 առաջին դասարանցիներից 340-ը տղա են, 276-ը՝ աղջիկ:

Քաղաքային դպրոցների շարքում առաջին դասարանցիների ամենամեծ թիվը ռուսական թիվ 2 հանրակրթական դպրոցում է- 68 հոգի, որին հաջորդում է թիվ 4-ը՝ 64 առաջին դասարանցի, թիվ 1-ը՝ 25 հոգի, վրացական թիվ 3-ը՝ 17 առաջին դասարանցի, իսկ առաջին դասարանցիների ամենափոքր քանակը թիվ 5 դպրոցում է՝ ընդամենը 5 աշակերտ:

Մունիցիպալիտետի գյուղական դպրոցների շարքում առաջին դասարանցիների ամենամեծ թիվը Վաչիանի հանրային դպրոցում է՝ 32 հոգի, այնուհետև Դիլիսկա գյուղում, որտեղ երկու դպրոցները միասին ունեն 24 առաջին դասարանցի, Կարտիկամում՝ 18 առաջին դասարանցի, Գոմանում -16 երեխա, Գումբուրդոյում- 15 աշակերտ:

Միայն մեկ առաջին դասարանցի կա Մոդեգամ, Ափնյա, Հոկամ գյուղերի դպրոցներում:

Այս տարի, առանց առաջին դասարանի կսկսեն ուսումնական պրոցեսը Բարալեթիի թիվ 2 դպրոցում, Բոզալի, Բուզավետ, Մյասնիկյան գյուղերում:

Այս վիճակագրությունը տրամադրվել է Ախալքալաքի ուսումնական կենտրոնի կողմից սեպտեմբերի 11-ին, տվյալները կարող են փոխվել +/- 1-2 ցուցանիշներով, քանի որ որոշ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխում են մեկ դպրոցից մյուսը:

Նախորդ տարվա համեմատ, այս տարի այս փուլում ավելի քիչ առաջին դասարանցիներ կան: Նախորդ տարի Ախալքալաքի շրջանում գրանցվել էր 694 առաջին դասարանցի:

Նոր ուսումնական տարում բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր:

«Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսել է գործել 2010 թ-ից: Այն ժամանակ նեթբուքեր ստացան ընդամենը մի քանի դպրոց: Արդեն 2011-ից դրանք հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանին:

Նեթբուքերը բեռնված են տարբեր ուսումնական ծրագրերով՝ վրացերեն և օտար լեզուներ, մաթեմատիկա և տրամաբանություն, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկներ, ուսումնական և կրթական խաղեր: