Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում թիվ 36 տան տանիքի նորոգումը՝ 3 ամսվա վերանորոգումից և բնակարանների անձրևաջրերով ներծծվելուց հետո, վերջապես ավարտվել է:

Տանիքը ապամոնտաժելուց հետո, մեկ անգամ չէ, որ հորդառատ անձրևները լցվել են բնակարանները և հեղեղել 5-րդից մինչև 3-րդ հարկերը:

Տանիքի վերանորոգումը մարդկանց թողեց առանց տանիքի

Օգոստոսի 17-ին այս շենքի տանիքում անձրևի ժամանակ նույնիսկ հրդեհ է բռնկվել, էլեկտրական լարերը բաց են եղել, և տեղի է ունեցել կարճ միացում:

Հրդեհ բաց տանիքով շենքում

Ըստ տենդերային փաստաթղթերի, աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2019 թվականի օգոստոսի 22-ը, սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին քաղաքապետարանից, կատարման ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 17-ը: 3 շենքերի տանիքների վերականգնման համար տենդերը շահած անհատ ձեռներեց Նորայր Մանասյանի խոսքով՝ աշխատանքները ժամանակին չեն ավարտվել շինանյութերի պակասի պատճառով:

«Հիմա ամեն ինչ կարգին է, մենք ավարտել ենք Ազատության փողոցում գտնվող թիվ 36 տան տանիքի նորոգումը, բայց քաղաքապետարանից պատասխան չենք ստացել` նախահաշիվը ճշգրտելու հետ կապված», – ասում է Նորայր Մանասյանը:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, նախագծում փոքրիկ սխալներ են եղել:
«Ինչ վերաբերում է նախահաշվի ճշգրտմանը, մեր մասնագետները նայել են, նախագծողը փոքրիկ սխալ է թույլ տվել, մենք կշտկենք դա, գումարը կավելացնենք», – ասում է Յուրիկ Ունանյանը:

Հուլիսի 17-ին՝ հորդառատ անձրևից հետո, երբ 5-րդ, այնուհետև 4-րդ և 3-րդ հարկերի բնակարանները հեղեղվել են ջրով՝ բաց տանիքի պատճառով, №36 տան բնակիչները բողոքով դիմել են քաղաքապետարան, որ շինարարների սխալմունքի պատճառով նրանք կրել են առնվազն 5000-6000 լարիի վնաս:

Թե ով պետք է հատուցի №36 տան բնակիչներին հասցված վնասը, պարզ չէ, քաղաքապետարանում ասում են, որ դա պետք է համաձայնեցվի բնակիչների և շինարարի միջև:

Յուրիկ Ունանյանն ասում է, որ դա կախված է հենց բնակարանների սեփականատերերից, եթե վնասը աննշան է, ապա կարող են իրենք ինքնուրույն վերանորոգել, եթե խոսքը գնում է մեծ գումարների մասին, ապա բնակարանների տերերն իրենք պետք է պայմանավորվեն շինարարի հետ:

«Եթե շինարարը հրաժարվում է փոխհատուցում վճարելուց, բնակարանի սեփականատերը կարող է դատի տալ», – ասում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ավելի վաղ Նորայր Մանասյանը Jnews-ի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում փոխհատուցել հեղեղված բնակարանների բնակիչներին հասցված վնասը:

Այդուհանդերձ, բնակարանների տերերը չեն պատրաստվում դատի տալ՝ ասելով, որ դրա համար չկա ոչ ժամանակ, ոչ փող, ոչ էլ տրամադրություն:

Ախալքալաքի երեք բազմահարկ շենքերի տանիքների նորոգման տենդերը շահել է անհատ ձեռներեց Նորայր Մանասյանը, նրա ղեկավարությամբ է ապամոնտաժվել հին տանիքը: Քաղաքի 3 բազմահարկ շենքերի տանիքների հիմնանորոգման համար Ախալքալաքի տեղական բյուջեից հատկացվել է 155 499 լարի:

Նորայր Մանասյանի խոսքով՝ արդեն իսկ վերանորոգվել են 2 բազմահարկ շենքերի տանիքները, մնում է մեկ շենքի տանիքը ծածկել:

Բրատիսլավ Իգիթխանյան