Ջավախքցի կանայք ավելի քան 40 օր ջանում են համեղ ընկույզի մուրաբա ստանալու համար: Նույնիսկ բնական ներկանյութից սևացած մատները և մշտական աշխատանքը չեն կարող խաթարել այս ավանդույթը:

Ջավախքցի յուրաքանչյուր ինքն իրեն հարգող տան տիկին շտապում է չուշանալ կանաչ ընկույզ գնելուց՝ ամենահամեղ ընկույզի մուրաբան պատրաստելու համար: Գործընթացը սկսվում է ընկույզների ընտրությամբ, սեզոնին (հունիսի վերջից հուլիսի վերջը) տնային տնտեսուհիները գնում են շուկա կամ իրենց պարտեզից ընկույզ են հավաքում: Ընտրում են նույն չափի, դա շատ կարևոր է, որպեսզի մուրաբան գեղեցիկ տեսք ունենա:

Այնուհետև կանաչ ընկույզները սկսում են կեղևազատել, որից հետո ձեռքերը դառնում են շագանակագույն, և նույնիսկ սև՝ բնական ներկանյութից, որը պարունակվում է ընկույզի մեջ: Դրանից հետո 40 օրվա ընթացքում ընկույզները ջրի մեջ են պահում և այն ամեն օր փոխում: Երբ ընկույզները արդեն սևանում են, դրանք տեղադրվում են կրաջրի մեջ, ապա նախքան պատրաստելը դրանք տեղադրվում են պաղլեղաջրի (շիբ) մեջ: Այնուհետև սկսում են եփել:

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի գիտի, թե որքան ժամանակ և ինչ համեմունքներ են անհրաժեշտ մուրաբայի պատրաստման համար: Շատերը մեխակ են ավելացնում: Պարզելու համար արդյո՞ք պատրաստ է թե ոչ մուրաբան, հիմնականում այն փորձելու համար կանչում են գյուղի կամ փողոցի ամենափորձառու և հմուտ տանտիրուհուն: Նա մուրաբայի օշարակը լցնում է ափսեի մեջ, թույլ է տալիս դրան փոքր-ինչ սառել, ապա գդալի երկայնքով օշարակի վրա գիծ է քաշում, եթե ափսեի վրա ձևավորված գիծը անմիջապես չի լցվում օշարակով, ապա մուրաբան պատրաստ է, կարող եք այն համտեսել:

Նման երկար ու ներկատու աշխատանքի համար պարգևատրումը հարևանների մեկնաբանությունն է՝ «Շա՜տ համեղ է», երբ նրանց կանչում են մուրաբան փորձելու:

Բրատիսլավ Իգիթխանյան