Երեկ երեկոյան, ՎԱԻՈՒԵ Սուրբ Սինոդի անդամ, Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի եպիսկոպոս Նիկոլոզ Պաչուաշվիլին, տեղական և կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումուրդո գյուղի բնակիչների հետ և ասել, որ նա աճուրդով գնել է փուռ և հողամաս Գումուրդոյում, սակայն, իմանալով, որ բնակիչները օգտվում են փռից և դեմ են վաճառքին՝ հրաժարվել է վճարել:

Օգոստոսի 30-ի երեկոյան, ժամը 19:00-ին, տեղական իշխանությունների ներկայացուցիչները եղել են Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղում հանդիպելու բնակչության հետ՝ հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար: Բարձրաստիճան պաշտոնյաների թվում են եղել՝ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, նրա տեղակալ Արմեն Մառանգոզյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Վրաստանի ՊԱԾ ներկայացուցիչները և ՎԱԻՈւԵ հոգևորականության ներկայացուցիչներ:

Պարզվել է, որ աճուրդում գործող փռի շենքի վաճառքի համար միակ մասնակիցն ու հաղթողն է եղել ՎԱԻՈւԵ-ի Սուրբ Սինոդի անդամ, Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի եպիսկոպոս Նիկոլոզ Պաչուաշվիլին:

Գումուրդո գյուղի կենտրոնում 480 մ² մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը և դրա վրա արդեն 30 տարի գործող փուռը օգոստոսի 6-ին կայացած աճուրդի արդյունքում վաճառվել էր: Աճուրդին մասնակցել է մեկ հոգի և մինչ փակումը 28 րոպե առաջ ձեռք է բերվել հողամասը՝ 19,500 լարիով: Մկրտիչ Ստամբոլցյանը, ով տարիներ շարունակ այդ փռում հաց է թխում, չի կարողացել մասնակցել աճուրդին ֆինանսների բացակայության պատճառով: Արդյունքում, հաղթողը պետք է վճարի գումարը աճուրդից հետո 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում այն կհամարվի անվավեր:

Գումբուրդոյի գործող փուռը աճուրդով վաճառվել է, գյուղացիները բողոքում են

Ինչպես Գումուրդո գյուղի բնակիչների հետ հանդիպմանը պնդել է եպիսկոպոս Նիկոլոզը, իմանալով այն մասին, որ այդ կոնկրետ տարածքը շահագործվում է մեկ ընտանիքի կողմից, և դա է այս ընտանիքի ապրուստի միակ միջոցն է, նրանք հրաժարվել են աճուրդից:

«Երբ ես աճուրդում տեսա, որ շենքը վաճառքի է հանվել, մտածեցի, որ շատ լավ առիթ է ձեզ հետ ավելի լավ ծանոթանալու համար: Ես, անշուշտ, ծանոթ չէի իրական իրավիճակին, թե ինչ է տեղի ունենում այստեղ: Այդ իսկ պատճառով, մենք փաստաթղթերը մտցրեցինք, և ի զարմանս մեզ՝ ոչ ոք չէր մասնակցում աճուրդին, և մենք, բնականաբար, հաղթեցինք այն ըստ օրենքի, սակայն երբ իմացանք, զանգահարեցին ինձ և ասացին՝ սրբազան այստեղ կա ինչ-որ թյուրիմացություն: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք լուծել ցանկացած թյուրիմացություն: Իմ նպատակն է, որ մարդկանց համար լավ լինի, ես լավ կլինեմ, եթե Դուք էլ լավ լինեք: Ես հաստատում եմ իմ խոսքերը՝ ասելով, որ այսօր վերջին օրն էր, երբ մենք կարող էին գումարը մուծել և մենք դա չենք արել», – ասել է իր խոսքում Եպիսկոպոս Նիկոլոզը:

Գյուղի բնակիչները շնորհակալություն հայտնեցին Եպիսկոպոսին: Գյուղի հյուրերը համտեսեցին փռի հացը, խմեցին կոնյակ և հիշելու համար լուսանկարվեցին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղամեջում և պետությունից պահանջում էին չեղյալ հայտարարել օգոստոսի 6-ին կայացած աճուրդի արդյունքները, ըստ որի գյուղի փուռը վաճառվել էր: Չվճարման դեպքում աճուրդը հայտարարվում է անվավեր, սակայն, դեռևս անհայտ է, թե ինչ քայլեր կձեռնարկի Վրաստանի ֆինանսների նախարարության սպասարկման գործակալությունը: