Նոր ուսումնական տարվանից Վրաստանում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրացվեն: Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին՝ Վրաստանի բոլոր շրջանների ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նախարարության ղեկավարը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ միասին, ուսուցիչներին ծանոթացրել է կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին:

Բատիաշվիլին հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերի սկզբից բոլոր ուսուցիչները, ովքեր կարգավիճակ ունեն և առնվազն 15 դասաժամ, աշխատավարձը կստանան 150 լարիով ավելի:

Վրաստանում դպրոցների ուսուցիչները բաժանված են չորս կատեգորիայի. Առաջին կարգի ուսուցիչները պրակտիկոս ուսուցիչներն են, երկրորդը` ավագ ուսուցիչները, երրորդը` առաջատար ուսուցիչները, իսկ չորրորդը` մենթոր ուսուցիչները:

Նոր ուսումնական տարվանից ավագ ուսուցիչները կստանան 1011 լարի աշխատավարձ (մոտ 348 դոլար), առաջատար ուսուցիչները՝ 1435 լարի (մոտ 495 դոլար), մենթոր ուսուցիչները՝ 1745 լարի (մոտ 600 դոլար):

«Եթե նրանք ավելի շատ դասաժամ ունենան, նրանք ավելի շատ աշխատավարձ կստանան», – նշել է Բատիաշվիլին:

Այն ուսուցիչները, ովքեր կունենան 15 դասժամից պակաս, աշխատավարձը կբարձրանա միջինը հարյուր լարիով:

2019 թվականի աշնանը երկրի կրթական համակարգում կլինի բարձրացված կարգավիճակ ունեցող 33 հազար ուսուցիչ:

Կրթության նախարարությունը խոստանում է, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման տենդենցը կշարունակվի, և մինչև 2022 թվականն ավագ ուսուցիչները կստանան 1700 լարի, առաջատար ուսուցիչները՝ 2135 լարի, իսկ մենթոր ուսուցիչները՝ 2445 լարի:

2019-ի հոկտեմբերի 1-ից աշխատավարձերը միջինը 20%-ով կբարձրանան նաև հանրային դպրոցների վարչակազմերի աշխատակիցների, տեխնիկական անձնակազմի, դպրոցների բժիշկների և ներառական կրթության մասնագետների համար:

Բարձր աշխատավարձ կստանան նաև նրանք, ովքեր պատասխանատու են դպրոցի անվտանգության համար: Նրանք աշխատավարձից բացի կստանան 125 լարի հավելավճար:

Նոր ուսումնական տարվանից սկսած բարձր աշխատավարձեր կստանան նաև երկրի կրթական ռեսուրս-կենտրոնների աշխատակիցները:

Ռեսուրս-կենտրոնի ղեկավարի աշխատավարձը կավելանա 250 լարիով և կհասնի 1450 լարի: Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա երկրորդ կարգի ավագ մասնագետի աշխատավարձը կավելանա 200 լարիով և կդառնա 1000 լարի: Երրորդ կարգի ավագ մասնագետի աշխատավարձը կբարձրանա 150 լարիով և կկազմի 950 լարի: 150 լարիով կբարձրացվի առաջին կարգի կրտսեր մասնագետի աշխատավարձը, իսկ աշխատանքի դիմաց նրա վարձատրությունը կկազմի 850 լարի:

Դպրոցները կստանան լրացուցիչ ֆինանսավորում՝ դրամական պարգևավճար տրամադրելու համար այն կենսաթոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչներին, որոնք պատրաստվում են հեռանալ մասնագիտությունից:

Վրաստանում դպրոցների կենսաթոշակային տարիքի շուրջ 6 հազար ուսուցիչներ նախընտրեցին ստանալ միանվագ խոշոր գումար և հեռանալ աշխատանքից՝ «նվազագույն իրավասությունը» հաստատելու համար պարտադիր քննություն չհանձնելով:

1-6-րդ դասարաններում հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների ուսուցումը հեշտացնելու համար դպրոցները կստանան ամսական 600 լարի:

Կրթության համակարգի բարեփոխումը ներառում է հինգ ուղղություն. դրանք են՝ նախադպրոցական կրթությունը, միջնակարգ կրթությունը, մասնագիտական կրթությունը, բարձրագույն կրթությունը և գիտությունը:

«Մենք քաջ գիտակցում ենք, որ կրթության ցանկացած բարեփոխման հաջողությունը հիմնված է միջնակարգ կրթության վրա: Այն նոր մոտեցումներում, որոնք նախատեսված են բարեփոխումներով, ուսուցիչը խաղում է կարևորագույն դերերից մեկը: Այդ իսկ պատճառով առաջին քայլերից մեկը վերաբերում է ուսուցիչներին: Մեր բարեփոխումներն ավելի շատ ազատություն են ապահովում դպրոցների և ուսուցիչների համար», – ասել է Բախտաձեն:

Վրաստանում ընթանում է կրթության համակարգի խոշոր բարեփոխում, որը կտևի չորս տարի և այն նպատակ ունի Վրաստանը վերածել կրթության ոլորտում տարածաշրջանային առաջատարի: